News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արգենտինական «La Nación» պարբերականը բավական ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել Հայաստանին՝ անվանելով այն  շախմատային գերտերություն եւ հանգամանալից ներկայացնելով շախմատային ավանդույթներն ու ձեռքբերումները:

«Հայաստանը մոտ 30 հազար ք/կմ տարածքով, 3.2 միլիոն բնակչությամբ մի աշխարհագրական կետ է Փոքր Ասիայում, որը վերջին տասնամյակում շախմատային ոլորտի առաջատար դիրքներն է զբաղեցրել. առաջին տեղն է գրավել 2006թ. Թուրինում, 2008թ. Դրեզդենում եւ 2012թ. Ստամբուլում կայացած օլիմպիադաներում, թիմային հաշվարկով առաջին տեղն է զբաղեցրել 2011թ. աշխարհի առաջնությունում եւ աշխարհի միակ երկիրն է, որտեղ շախմատը դպրոցներում դասավանդվում է որպես պարտադիր առարկա: Երկրի նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահն է, իսկ 31-ամյա գրոյսմաստեր Լեւոն Արոնյանը մինչեւ վերջերս աշխարհի 2-րդ ուժեղագույն շախմատիստն էր, իսկ այժմ գրավում է 5-րդ հորիզոնականը»:

Անդրադառնալով Հայաստանում շախմատային ավանդույթների ակունքներին` հոդվածագիրը անդրադարձ է կատարում 1963թ. մայիսի 20-ին կայացած Պետրոսյան – Բոտվիննիկ մրցապայքարին, որի արդյունքում 12.5 եւ 9.5 միավորների հարաբերակցությամբ Պետրոսյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: «Այնպես, ինչպես ամերիկացիներն են հիշում Քենեդիի սպանության օրը եւ վայրը, այնպես էլ Հայաստանում ավագ սերունդը հիշում է Երեւանի օպերայի հրապարակի հանդիսություններն ու տոնակատարությունները, երբ Տիգրան Պետրոսյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը»:

Անդրադառնալով Տիգրան Պետրոսյանի` Արգենտինա կատարած չորս այցերին, հոդվածագիրը առանձնացնում է 1971թ. այցը, երբ տեղի ունեցավ Պետրոսյան – Բոբբի Ֆիշեր մրցապայքարը:

Հոդվածում հատկապես կարեւորություն է տրվում ՀՀ դպրոցներում 2011թ.-ից շախմատը` որպես պարտադիր առարկա դասավանդելու որոշումը, որն, ըստ հեղինակի, «մինչեւ աստղերը բարձրացրեց հազարամյա խաղի ժողովրդականությունը»: «Հայաստանում կա 1500 դպրոց, որտեղ 2-րդ, 3-րդ եւ 4-րդ դասարաններում շախմատը դասավանդվում է որպես պարտադիր առարկա, եւ շուրջ 120.000 աշակերտներ սովորում են շախմատ խաղալ: Սա այն տարիքն է, որը ամենահարմարն է շախմատ սովորելու համար: Ավելի քան 1219 հատուկ պատրաստվածություն անցած ուսուցիչներ են դասավանդում այդ առարկան»:

 «Չենք ուզում, որ աշխարհը Հայաստանի մասին խոսի միայն Ցեղասպանության եւ երկրաշարժի թեմաներով: Ուզում ենք, որ երկիրը հայտնի լինի շախմատով», - մեջբերված են նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը:

«Շախմատը մարդկանց սովորեցնում է տեսնել այն գեղեցկությունը, որն առաջին հայացքից չի երեւում. սովորեցնում է համբերություն ունենալ եւ չարձագանքել` առանց հասկանալու իրավիճակը», - մեջբերված են Լեւոն Արոնյանի խոսքերը:

Հոդվածում տեղ են գտել բազմաթիվ լուսանկարներ, ինչպես նաեւ ամբողջությամբ մեջբերված է 2008թ. Դրեզդենում կայացած շախմատի օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հաղթանակի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի ամբողջական տարբերակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ