News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում վերջին տարիներին քննվեցին բազմաթիվ գործեր, որոնք նույնանման էին այնքանով. որքանով դատական ակտերի հիմքում դրվում էր ոստիկանների ցուցմունքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Վերջինը նման դեպքերից Շանթ Հարությունյանի գործով դատական ակտն էր, նմանատիպ մոտեցում կար նաեւ Արգիշտի Կիվիրյանի գործով եւ այլն, այսինքն՝ բոլորի դեպքում մեղադրանքը կառուցված է բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա: Հարց է առաջանում՝ արդյոք թույլատրելի է ոստիկանների ցուցմունքի վրա կառուցել մեղադրական դատական ակտ, թե ոչ:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ այս հարցի վերաբերյալ առկա է ԵԱՀԿ-ի կողմից տրված եզրակացությունը մարտյան դեպքերի վերաբերյալ, որտեղ հստակ ներկայացվել է, որ դատարանները կայացնելով դատական ակտեր եւ դրա հիմքում դնելով բացառապես ոստիկանների ցուցմունքները, խախտում են  միջազգային պայմանագրերը եւ ներպետական օրենսդրությունը: «Դա  խորհրդային ժամանակաշրջանից որդեգրված գործելաոճ է, երբ խուլիգանության, դիմադրության մեղադրանք են առաջադրում՝ հիմքում դնելով ոստիկանների ցուցմունքները, այսինքն՝ այն անձանց ցուցմունքները, որոնք անուղղակիորեն շահագրգռված են գործի ելքով: Բացառվում է, որ համակարգում աշխատող ոստիկանը գա ցուցմունք տա նույն համակարգի քննիչի կողմից առաջադրված մեղադրանքին հակառակ: Այդ եզրակացության մեջ նշվում է, որ բացի ոստիկանների ցուցմունքներից՝ պետք է լինեն մի շարք այլ ապացույցներ, այլ անձանց ցուցմունքներ»,-ասաց նա:

Նիկոլայ Բաղդասարյանը շեշտեց, որ եթե  ԵԱՀԿ-ն մոնիթորինգ իրականացներ, կարձանագրեր, որ այս հարցով Հայաստանում որեւէ դրական տեղաշարժ չկա, ինչպես եղել է 1988թ, 1990-ականներին, 2000-ականներին, այնպես էլ այժմ է: «Այսօր էլ դատական համակարգում նույն աշխատելաոճն է, անձանց մեղադրանք է առաջադրվում խուլիգանության կամ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար եւ որպես ապացույց դրվում են ոստիկանների ցուցմունքները»,-ասաց փաստաբանը:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ ծանոթանալով Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական ակտին՝ կարող է  արձանագրել, որ այն բացառապես հիմնված է ոստիկանների ցուցմունքի վրա, ու եթե այդ ակտը դրվի ԵԱՀԿ զեկույցի կողքը, ապա տեսանելի է, որ այն անօրինական է:

Փաստաբանը հարց է բարձրացնում՝ եթե նախկինում Վճռաբեկ դատարանը ասում էր, թե նման մոտեցումը անօրինական է, այդ դեպքում ինչու հիմա նույն դատավորը նույն ձեւ դատական ակտեր է կայացնում, ինչո՞ւ Վճռաբեկը ոչինչ չի փոխում պետության արդարադատության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ