News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանն ունենար կառավարման խորհրդարանական համակարգ, Սուրիկ Խաչատրյանը չէր դառնա Սյունիքի մարզպետ: Այսօր` հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը` անդրադառնալով սպասվող Սահմանադրական բարեփոխումներին:

«Խորհրդարանը կոլեգիալ մարմին է, որտեղ կա ընդդիմություն, Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման հարցը կքննարկվեր, ընդդիմությունը կողմ կլիներ, որ չնշանակվեր: Ինչ վերաբերվում է կառավարման համակարգի փոխվելուն, ապա քաղաքացիներիը 1-2 տարի հետո կզգան դրական փոփոխություններ»,- ասաց Ռաֆիկ Պետրոսյանը:

Մինչդեռ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը մտավախություն ունի, որ խորհրդարանական կառավարման համակարգն էլ կունենա կիսանախագահական մոդելի ճակատագիրը:

«Փոփոխություններ պետք է լինեն, սակայն կան երեւույթներ, որոնք էլ պիտի փոխվեն: Այսօրվա կառավարման համակարգը չունի անկախ դատական համակարգ, սա ապացուցում է Շանթ Հարությունյանի եւ ընկերների դատավարությունը: Ինքս միշտ էլ խորհրդարանական կառավարման համակարգի ջատագով եմ եղել, սակայն հարակից փոփոխություններով միայն: Մտածում եմ` կարող է, որ Սահմանադրական փոփոխությունները դառնան գործիք ընդդիմության դեմ իշխանության կողմից: Ինքս դեռեւս վստահ չեմ, երաշխիքներ չունեմ, որ սա իսկապես արվում է հասարակության համար»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը:

Քաղաքական վերլուծաբանի խոսքով` իշխանությունները ոչինչ չեն անում` հասարակությանն ապացուցելու, որ այս ամենն արվում է միայն պետության համար. «Եթե դատական համակարգն այս անգամ լինելու է խորհրդարանի ձեռքում, ապա նորից կունենանք խնդիր, արդարադատության ակնկալիքն էլ մնալու է փողոցում»:

Նշենք, որ հոկտեմբերի 15-ին սահմանադրական բարեփոխումների հարցով փորձագիտական հանձնաժողովը Հայաստանի նախագահին էր ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումներին այս պահին խորհրդարանական ուժերից միայն ՀՅԴ-ն է կողմ արտահայտվել: Քաղաքական մյուս ուժերից ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» դեմ են արտահայտվել բարեփոխումներին: Եռյակի՝ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքի թեմաներից մեկն էլ հենց Սահմանադրական բարեփոխումներն էին: «Օրինաց երկիր» խմբակցությունը նույնպես դեմ է Սահմանադրական բարեփոխումներին:

Սահմանադրական բարեփոխումներին անդրադարձել են նաեւ Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահները՝ նորից դեմ արտահայտվելով սպասվող բարեփոխումներին:

Տպել
Ամենաշատ