News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թափառող կենդանիների վնասազերծմանն ուղղված Կառավարության ծրագրի տենդերը տարիներ շարունակ հաջողվում է հաղթել միայն «Յունիգրաֆ Իքս ՍՊԸ»-ին, որի տարեկան հաշվետվության թվերը յուրաքանչյուր տարի նույնն են եւ ուռճացված։  Լրագրողների հետ զրույցում այսօր՝ հոկտեմբերի 20-ին, այս մասին հայտարարեց «Դինգո թիմ» ՀԿ-ի անդամ Ալինա Ենգոյանը:

 «Եթե ծրագիրն իրականացվեր այնպես, ինչպես ներկայացված է, եւ լիներ արդյունավետ, ապա այսօր մենք ուղղակիորեն չէինք ունենա ոչ միայն թափառող կենդանիներ, այլեւ չստերջացված գոնե մեկ կենդանի»,- ասաց Ալինա Ենգոյանը:

Նրա խոսքով` տենդերը տարիներ շարունակ հաղթում է հենց «Յունիգրաֆ Իքս ՍՊԸ»-ն, քանի որ միայն այդ կազմակերպությունը կարող է բավարարել սահմանված չափանիշները:

«Չափանիշներն այնպիսին են, որ որեւէ այլ կազմակերպություն չի կարող բավարարել։ Չափանիշներից մեկն այն է, որ կազմակերպությունը պետք է ունենա զանգվածային ստերջացման բազմամյա փորձ: Այդպիսի փորձ միայն «Յունիգրաֆ Իքսը» ունի, ուստի քաղաքապետարանի տենդերին դիմում է միայն այդ կազմակերպությունը, եւ հաղթում է որպես միակ մասնակից»,- նշեց Ալինա Ենգոյանը:

«Դինգո թիմի» մեկ այլ անդամ Հեղինե Խաչիկյանը նշեց, որ «Յունիգրաֆ Իքսի» կողմից վնասազերծված կենդանիների ներկայացված թիվը տարեցտարի որեւէ կերպ չի փոխվում եւ չի վերահսկվում:

«Չի փոփոխվում եւ չկա որեւիցե լիցենզավորված կազմակերպություն, որը կարողանա վերահսկողություն իրականացնել: Նրանք որեւէ պաշտոնական փաստաթուղթ չեն ներկայացրել 45 000 թափառող կեդանիների վերաբերյալ: Նրանք ասում են, որ կատարել ենք մշտադիտարկում, որի ընթացքում տեսել ենք, հաշվել ենք, մոտավորապես զանգվածը որոշել ենք»,- ասաց Հեղինե Խաչիկյանը:

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ի անդամները պնդում են, որ հարկավոր է վնասազերծված եւ ստերջացված կենդանիների քարտեզագրում իրականացնել:

«Օրինակ, իրենք ունեն ստերջացում եւ վնասազերծում որոշակի տոկոսի համար, ինչպե՞ս են իրենք տարբերում: Հնարավոր է, որ իրենք նույն շան վրա կատարում են 2 ծախս: Չկա որեւէ վիճակագրություն կամ վերահսկողություն քաղաքապետարանի առեւտրի վարչության կողմից, որը չունի գոնե մեկ կենսաբան, որը կարողանա տարբերակել «Յունիգրաֆի» կողմից ներկայացրած ամորձին, սիրտը կամ թոքը»,- ասաց Ալինա Ենգոյանը:

Նշենք, որ «Յունիգրաֆ Իքս ՍՊԸ»-ի 2014թ. հաշվետվության համաձայն`Հայաստանում թափառող կենդանիների վնասազերծում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 219.789.7 հազար դրամ, որի շրջանակներում ստերիլիզացվել է 8,800 թափառող կենդանի, քնեցվել է 270-ը, եւ վնասազերծվել է 37. 142 կենդանի:

«Դինգո թիմի» ի անդամները պնդում են, սակայն, որ կենդանիների գլխաքանակի մասին ներկայացված թիվը հաշվարկված չէ որեւէ մասնագետի կողմից, քանի որ այդպիսի մասնագետներ չկան Հայաստանում:

Տպել
Ամենաշատ