News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը վստահեցնում է, թե տեղյակ չէ, որ իր գործունեությունը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ տեղյակ չէ, որ գործ կա հարուցված եւ իրեն չեն էլ կանչել հարցաքննության: «Ես տեղյակ չեմ դրանից»,-ասաց նա:

Հարցին, թե չեն կանչել ձեզ ոստիկանություն բացատրություն տալու, Նելսոն Ոսկանյանը այսպես հակադարձեց՝ «ոստիկանությո՞ւն, թե՞ դատախազություն», այնուհետեւ արագ-արագ պատասխանեց՝ »չէ, չգիտեմ, տեղյակ չեմ»: Նա չի վախենում մեղադրյալի աթոռին հայտնվելուց. «Երեւի մարդիկ կան, գրել են, տեսել են, կարող է կանչեն, բայց դեռ չեն կանչել: Եթե քաղաքապետը հանցանք է կատարում, իրեն էլ պետք է մեղադրեն, ի՞նչ կապ ունի դա»: Հիմա դուք հանցանք կատարել եք, թե ոչ, հարցրինք նախկին քաղաքապետին, ով պատասխանեց՝ «հարգելիս, ոչ»:

Ի դեպ, Նելսոն Ոսկանյանն այժմ զբաղվում է բիզնեսով շինարարական ոլորտում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվում: Ավելին՝ չի բացառվում, որ ոչ վաղ անցյալում քաղաքապետի պաշտոնից զրկված Նելսոն Ոսկանյանը այժմ էլ հայտնվի մեղադրյալի աթոռին: NEWS.am-ի տեղեկություններով՝ Նելսոն Ոսկանյանի գործունեությունը հայտնվել է  իրավապահների ուշադրության կենտրոնում: Մեր աղբյուրները հայտնեցին, որ նրա գործունեության վերաբերյալ հարուցված է քրեական գործ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում: Գործի շրջանակներում հարցաքննվել են Գորիսի քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ, Նելսոն Ոսկանյանն առայժմ որեւէ կարգավիճակ չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ