News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Նախախորհրդարան»-ը տեսանյութ է տարածել Ալեք Ենիգոմշյանի հետ հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի, ինչպես նաեւ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի՝ ԱՍԱԼԱ-ում ունեցած դերի մասին:

«Ալեք Ենիգոմշյանը 1980 թ. հոկտեմբերի 3-ին Շվեցարիայի Ժնեւ քաղաքում գործողության պատրաստության ժամանակ վիրավորվել է՝ կորցնելով տեսողությունն ու ձեռքը, եւ բանտարկվել: Եղել է ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մտերիմ ընկերն ու զինակիցը: 1996 թ-ից մշտապես բնակվում է Հայաստանում: 1996 թ-ից տնօրինում է Մոնթե Մելքոնյան հիմնադրամի աշխատանքները: Այժմ ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում:  Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի, «Նախախորհրդարան» ազգային- քաղաքական նախաձեռնության եւ նրա ստեղծած Արդարության ատյանի քարտուղարության անդամ է:

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:45 սահմաններում, Ալեք Ենիգոմշյանը «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո իր հարեւան Վահրամ Գաբրիելյանի հետ միասին վերջինիս ավտոմեքենայով տուն վերադառնալու Ճանապարհին է լինում: Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտեցել մի խումբ անձինք եւ, ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ, կոպտորեն քաշքշելով Ալեք Ենիգոմշյանին դուրս են հանել ավտոմեքենայից: Եվ, չնայած այն հանգամանքին, որ Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է եւ չի տեսնում, ոստիկանները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում եւ հեռացել՝ իրենց հետ տանելով հարեւանին եւ վերջինիս ավտոմեքենան: Որոշ ժամանակ անց պատահական անցորդներ մոտեցել են Ալեք Ենիգոմշյանին եւ դուրս բերել փողոցի բանուկ հատվածից:

ԱՍԱԼԱ-ի զինվորի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու, կույր մարդու նկատմամբ իրականացվածը պարզապես մարդու իրավունքների կոպտագույն խախտում եւ քրեական հանցագործությունն չէ: Սա լկտի արարք եւ ոտնձգություն է ազգի նվիրյալի եւ Մոնթեի զինակցի դեմ»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ փաստի առթիվ ՀՀ ոստիկանապետի ցուցումով քննություն է սկսվել:

Տպել
Ամենաշատ