News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում գոյություն ունի ավտոպահեստամասերի ներկրման երկու տարբերակ. օրինական եւ ոչ այնքան: Առաջին դեպքում ներկրողը մաքսային մարմիններին է ներկայացնում ապրանքի բոլոր փաստաթղթերը` սկսած արտադրողի հետ կնքված պայմանագրից մինչեւ տեղափոխման ծախսերի հաշիվ-ապրանքագիր: Երկրորդ դեպքում ներկայացվող փաստաթղթերը նվազագույնն են. ընդամենը ապրանքի քաշի մասին տեղեկատվություն: Երկրորդը հասարակության շրջանում հայտնի է որպես, այսպես կոչված, «Կարգոյով» ներկրում:

Մեր զրուցակիցը, ով չցանկացավ ներկայանալ, զբաղվում է ավտոպահեստամասերի վաճառքով ու ներկրում է բացառապես օրինական ճանապարհով, որովհետեւ, նրա համոզմամբ, այդպես ոչ միայն ավելի ձեռնատու է բիզնեսի զարգացման համար, այլեւ ընկերության հեղինակությունը սպառողի մոտ միշտ բարձր է մնում: Սկսենք ըստ հերթականության:

«Կարգոյի» մեխանիզմով ներկրման դեպքում ներկրողը գրեթե նեղություն չի կրում: Ենթադրենք, նա Թուրքիայում գնում է 200 կգ. քաշով ավտոպահեստամասեր. «Կարգոյի» համակարգով տեղափոխման համար նա այդ համակարգի ներկայացուցիչներին վճարում է կիլոգրամի համար 3-ից 8 ԱՄՆ դոլար ու սպասում: Որոշ ժամանակ անց ապրանքը արդեն նրա տանն է, ընդ որում` մաքսազերծման ողջ «բեռն» ընկնում է համակարգի ներկայացուցիչների վրա: Պայմանագիր արտադրողի հետ, տեղափոխման հաշիվ-ապրանքագրեր ու նմանատիպ այլ փաստաթղթեր անհրաժեշտ չեն, ինչի արդյունքում ցանկացած ծագման ու որակի ավտոպահեստամաս հայտնվում է հայրենական շուկայում:

Օրինական տարբերակը շատ ավելի բարդ է, քանզի կապված է թղթաբանության հետ: Սակայն այստեղ եւս մաքսային մարմինները կարող են ոչ իրազեկ ներկրողի համար խնդիրներ ստեղծել: Իսկ իրազեկ լինելու համար անհրաժեշտ է ընթերցել ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածը, որում նշված են բոլոր այն փաստաթղթերը, որոնց առկայության դեպքում ապրանքը, այդ թվում` ավտոպահեստամասերը կմաքսազերծվեն գործարքի գնի մեթոդով` ելնելով այն արժեքից, որով այն գնվել է արտադրողից:

«Դա ամենաձեռնատու միջոցն է օրինական կերպով աշխատող գործարարի համար: Բազմաթիվ փաստաթղթերի շարքում անհրաժեշտ է արտադրողի հետ պայմանագիրը, արտադրողի կողմից ներկայացված փաստաթուղթ, թե ինչ արժեքով է նա վաճառել ապրանքը, փոխարդողին, ապահովագրության համար վճարված գումարների հաշիվ-ապրանքագրերը եւ այլն: Սակայն այստեղ էլ երբեմն խնդիրներ են առաջանում, կոռուպցիոն ռիսկեր: Եթե լավ «մեջք» չունեցար, կամ փաստաբանների միջոցով «զոռբայություն» չարեցիր, հնարավոր է` մերժեն 87 հոդվածին համապատասխան մաքսազերծումը»,- ասաց մեր զրուցակիցը:

Մերժման համար այլ հիմքեր եւս կան: Օրինակ` եթե ներկրողը ներկայացնում է ապրանքի արժեքի մասին սխալ տեղեկատվություն եւ մաքսային մարմիններն իրական արժեքը ճշտում են հենց արտադրողից: Այդ դեպքում տվյալ ներկրողն այլեւս երբեք չի կարողանա օգտվել մաքսազերծման գործարքի գնի մեթոդից: Այս դեպքում որոշ ավտոպահեստամասերի համար մաքսատուրքը 0 տոկոս է, եթե դրանք համապատասխանում են բնապահպանական նորմերին, սակայն կան պահեստամասեր, որոնք մաքսազերծվում են մինչեւ 10 տոկոսով:

Եթե գործարքի գնի մեթոդով մաքսազերծում չի իրականացվում, ներկրողը բախվում է Մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածին` «Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի որոշումը», կամ այսպես կոչված «հսկիչ արժեքը»: Ավտոպահեստամասերի համար այն շատ բարձր է, ինչի հետեւանքով ներկրողը, հնարավոր է անգամ, որ մաքսազերծման համար վճարի ավելի շատ գումար, քան ողջ ապրանքի արժեքն է: Բնականաբար, դա ստիպում է նրան արդեն օգտվել «Կարգոյի» մեթոդից:

«Հայաստանում գործող ավտոսրահների դեպքում ամեն ինչ հակառակն է. նրանց համար ավելի ձեռնատու կլիներ մաքսազերծումը հսկիչ արժեքով, այլ ոչ թե գործարքի գնով: Բանը նրանում է, որ նրանք ներկրում են միայն օրիգինալ ավտոպահեստամասեր` հենց ավտոարտադրողից: Եվրոպայում դրանք սարսափելի թանկ արժեն, ինչի հետեւանքով գործարքի գնով մաքսազերծման դեպքում ավտոսրահը ահռելի գումարներ է վճարում, շատ անգամ ավելի մեծ, քան հսկիչ արժեքի դեպքում»,- նշեց մեր զրուցակիցը:

Ի՟նչ ասել է «օրիգինալ պահեստամասեր»: Օրինակ, «Մերսեդես-Բենց» ավտոմեքենաների համար պահեստամասեր արտադրում է հենց այս ընկերությունը, ինչպես նաեւ մի շարք այլ ընկերություններ` իրենց ապրանքանիշերի ներքո: Այս պահեստամասերը որակապես չեն տարբերվում, սակայն «Մերսեդես»-ի արտադրածն անվանվում է օրիգինալ ու վաճառվում շատ ավելի թանկ: Ավտոսրահները ներկրում են այդպիսի պահեստամասեր, մյուսները` այլ արտադրողներից:

Եթե ներկրողը չի կնքում պայմանագիր ներկրվող պահեստամասերն արտադրողի հետ, ապա արտադրողը իր ապրանքը չի վաճառի: Ընդ որում` արտադրողը պայմանագիր կկնքի միայն ուսումնասիրելուց հետո շուկան, որ ներկայացնում է ներկրողը:

Եթե Թուրքիայից կամ Չինաստանից, առանց արտադրողի հետ պայմանագիր կնքելու, ներկրողը գնում է էժանագին ապրանք, ապա ներկրման միակ տարբերակը, կրկին անգամ, մնում է «Կարգոն»:

Այստեղից էլ բխում է ավտոպահեստամասերի հայաստանյան շուկայում տիրող իրավիճակը: Անմիջապես արտադրողից գնված ապրանք վաճառում են միայն ավտոսրահներն ու մի քանի ընկերություններ, որոնք իրենց վաճառած ապրանքի համար նաեւ երաշխիք են տրամադրում: Մյուս բոլոր դեպքերում, իսկ դրանք 90 տոկոսն են, գնված ապրանքը ոչ միայն ետ չի ընդունվում, ոչ միայն երաշխիք չի տրվում, այլեւ անգամ եթե այն երկու ժամից կոտրվի, վաճառողը պատասխանատվություն չի կրում: Բնականաբար, առաջին դեպքում ապրանքը ավելի թանկ է:

 Խոսելով որոշ ավտոմեքենաների պահեստամսերի դեֆիցիտի մասին` մեր զրուցակիցը նշեց, որ դա կախված է ավտոմեքենայի պոպուլյարությունից: Օրինակ` «Վոլվո», «Ալֆա-Ռոմեո« եւ մի շարք այլ` Հայաստանում ոչ պոպուլյար մակնիշի ավտոմեքենաների պահեստամասեր մեր երկրում չկան, դրանք կարելի է ձեռք բերել միայն պատվիրելով Մոսկվայից կամ Արաբական Էմիրություններից:

Տպել
Ամենաշատ