News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) հատկացված նոր մասնաշենքի բացմանը: Ծառայությունը մինչ նոր՝ մայրաքաղաքի Վաղարշ Վաղարշյան 13ա հասցեում գտնվող շենք տեղափոխվելը, գտնվել է ՀՀ գլխավոր դատախազության շենքում` ծառայության գործունեության համար ոչ բավարար տարածքով առանձին հարկաբաժնում:

Նախագահը շրջել է նորաբաց մասնաշենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, Հատուկ քննչական ծառայության անձնակազմի հետ խոսել ծառայության առջեւ դրված խնդիրների եւ նոր ու բարենպաստ պայմաններում գործառույթների առավել արդյունավետ իրականացման անհրաժեշտության մասին, հաջողություններ մաղթել ծառայությանը՝ հետագա գործունեության ընթացքում:

Նշելով, որ Հատուկ քննչական ծառայությունն իր ստեղծման առաջին օրից եղել է մեր երկրի իրավապահ համակարգի կարեւոր բաղադրիչը, Հանրապետության նախագահը գոհունակությամբ է փաստել, որ կարճ ժամանակահատվածում այն կարողացել է ձեռք բերել իր առաքելությանը համարժեք հեղինակություն: «Մենք այլընտրանք չունենք: Մենք ընտրել ենք առավել արդյունավետ պետական կառավարման եւ պետություն-հասարակություն ներդաշնակ վերընթացի ապահովման դժվարին, բայց միակ ճանապարհը: Եվ այս ճանապարհը, անշուշտ, ունի շատ նրբություններ: Բայց միեւնույն ժամանակ, այս ճանապարհն ունի նաեւ հիմնարար կանոններ, որոնք մենք պարտավոր ենք ապահովել: Առաջին հերթին մենք մշտապես, ամեն օր մեր քայլերով ուղերձ ունենք հղելու այն մասին, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու՝ բարձրաստիճան պաշտոնյայի, թե դեռ որեւէ հարմար աշխատանք չգտած եւ այդպիսին փնտրող քաղաքացու իրավունքները պաշտպանված են հավասարապես լիարժեք, բայց օրենքի առջեւ պատասխանատու են նույնպես հավասարապես եւ լիարժեք: Մենք շատ ուրախ կլինենք եւ թեթեւացած հոգով կարձանագրենք, որ անցել ենք մեր իսկ կողմից նախանշված այս ճանապարհը միայն այն ժամանակ, երբ տեսնենք, որ մեր հասարակության մեջ արդեն տիրապետող է համոզմունքը, որ անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից՝ օրենքի առջեւ հավասար են եւ պատասխանատու բոլորը: Մենք այս հանգրվանին ենք ձգտում, եւ, կարծում եմ, ձեզնից յուրաքանչյուրը շատ լավ հասկանում է, թե որքան մեծ դեր ունի ինքը այս բարդ, բայց պատվաբեր գործընթացում»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիմելով Հատուկ քննչական ծառայության անձնակազմին՝ նախագահն ընդգծել է, որ ծառայության գործունեության վերաբերյալ օրենքով նախատեսված տարեկան գրավոր հաղորդումների ուսումնասիրությունները, հրապարակային եւ թափանցիկ գործելաոճը հստակ ցույց են տալիս ծառայության հետեւողական առաջընթացն ու զարգացումը: «Միգուցե քիչ հաստատություններում եմ ես այսպիսի գնահատականներ տալիս, բայց ես սա ասում եմ անկեղծ: Եվ սա ակնառու դրսեւորվում է աշխատանքային դրական ցուցանիշներ ունենալու, հակակոռուպցիոն ակտիվ գործունեություն ծավալելու, օրենսդրության կատարելագործման ոլորտում նախաձեռնողականություն ցուցաբերելու մեջ, ինչպես նաեւ ձեր ամենօրյա գործունեությանն առնչվող այլ հարցերում:

Առանձնակի կարեւորվում է ձեր դերակատարումը խոշտանգումների դեմ պայքարում: Չնայած վերջին տարիներին մեզ համար բացարձակապես անընդունելի այս երեւույթի կանխման ուղղությամբ արձանագրված դրական արդյունքներին, ձեր մասնագիտական կառույցի խնդիրն է շարունակել համաչափ արձագանքել նման դեպքերին եւ ապահովել դրանց արդարացի ու արդյունավետ քննությունը»,-նշել է Հանրապետության նախագահը:

ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Աշոտ Արմենի Օհանյանին Երեւանում հատկացվել է բնակարան՝ ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու եւ աշխատանքային ու կատարողական բարձր կարգապահություն ցուցաբերելու համար՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013թ. դեկտեմբերի 19-ի թիվ 1414-Ն եւ 2014թ. հոկտեմբերի 2-ի թիվ 1055-Ն որոշումների պահանջները: Հանրապետության նախագահը շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել խրախուսանքի արժանացած բազմազավակ աշխատակցին:

ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանն իր եւ ծառայության ամբողջ անձնակազմի անունից շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ ծառայության կայացման, ծառայողների իրավական եւ սոցիալական ապահովվածության, աշխատանքային պայմանների բարելավման գործում ցուցաբերած ուշադրության եւ հետեւողական աջակցության համար՝ վստահեցնելով, որ նման վերաբերմունքը եւ աշխատանքին տրված գնահատականը նոր խթան կհանդիսանան քննիչների կողմից իրենց գործառույթներն է՛լ ավելի լավ եւ անմնացորդ կատարելու համար՝ ի նպաստ իրավակարգի, օրինականության ամրապնդման, ի շահ մեր ժողովրդի եւ պետության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ