News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Նախախորհրդարանի» անդամ, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ ոստիկանների ապօրինի գործողությունների դեմ բողոքող մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Ազատության հրապարակից երթով հասան Նալբանդյան 130` ՀՀ ոստիկանության շենքի մոտ, որտեղ  նրանց հանդիպեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Մենք եկել ենք այստեղ տեսնելու ՀՀ ոստիկանապետին, որպեսզի իմանանք, թե գործը ինչ ընթացքում է, ինչ գործողություններ են իրականացվում այդ անձանց բացահայտելու, նրանց հանրային պարսավանքի ենթարկելու եւ աշխատանքից հեռացնելու համար»,-Աշոտ Ահարոնյանին դիմեց երթի մասնակիցներից Սյուզան Սիմոնյանը:

Աշոտ Ահարոնյանն ի պատասխան ասաց, որ  իրենք դեռ չեն կարող գնահատական տալ կատարվածին, քանի որ ծառայողական քննություն է կատարվում.«Ծառայողական քննությունը կտեւի 2-3 օր: Եթե հայտնաբերվի քրեորեն պատժելի արարք, ապա գործի նյութերը կփոխանցվեն հատուկ քննչական ծառայություն»:

Աշոտ Ահարոնյանի պատասխանը վրդովեցրեց տիկին Սյուզանին.«Ի՞նչ է նշանակում եթե: Կույր մարդուն թողել են փողոցի մեջտեղում, դուք դեռ եթե՞ եք օգտագործում»:

Բողոքող քաղաքացիները կանգնել էին ոստիկանության շենքի դիմացի մայթին, որտեղ ոստիկանները պատ էին կազմել:

Նրանք վանկարկեցին «ամոթ, ամոթ», «ԱՍԱԼԱ» եւ հեռացան ոստիկանության շենքի մոտից՝ խոստանալով վերադառնալ ծառայողական արդար քննություն չիրականացվելու դեպքում:

Երթի մասնակիցներից մեկը, որպես բողոքի նշան, ձվեր շպրտեց ոստիկանության շենքի ուղղությամբ:

ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ ոստիկանների ապօրինի գործողությունների դեմ բողոքող քաղաքացիներն այժմ շարժվում են դեպի Գլխավոր դատախազության շենք:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին  «Նախախորհրդարանի» կազմակերպած «100-ամյակն առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթից հետո Երեւանում Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները կանգնեցրել էին Վահրամ Գաբրիելյանի վարած մեքենան, նրան մեքենայով տարել ոստիկանական բաժին՝ փողոցի բանուկ հատվածում միայնակ ու անօգնական թողնելով Ալեք Ենիգոմշյանին, թեեւ վերջինը մի քանի անգամ կրկնել էր, որ կույր է:

Ալեք Ենիգոմշյանն իր հետ կատարվածը կապում է իր ընկերոջ՝ Վահրամ Գաբրիելյանի եւ քաղաքացիական հագուստով ոստիկանի միջեւ Արտաշատ քաղաքում «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետ:

Տպել
Ամենաշատ