News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Նախախորհրդարանի» անդամ, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ ոստիկանների ապօրինի գործողությունների դեմ բողոքող մի քանի տասնյակ քաղաքացիների երթից հետո այսօր՝ հոկտեմբերի 21-ին, բերման են ենթարկել երթի մասնակիցներից Գեւորգ Սաֆարյանին:

«Ես կանգառոմ նստած էի, եկան ինձ հրավիրեցին ոստիկանություն: Հիմա սպասում եմ՝ իմ կարգավիճակն ասեն»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեւորգ Սաֆարյանը՝ նշելով, որ մոտ մեկ ժամ է՝ ինքը ոստիկանության Կենտրոնականի բաժնում է:

Նշենք, որ այսօր մի քանի տասնյակ քաղաքացիներ Ազատության հրապարակից երթով շարժվեցին ՀՀ ոստիկանության շենքի մոտ, որտեղ պահանջեցին արդար քննություն իրակացնել ու քրեական գործ հարուցել Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարած, նրան փողոցում միայնակ թողած ոստիկաններին: Ակցիայի մասնակիցները ձվեր էին շպրտել ոստիկանության շենքի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին  «Նախախորհրդարանի» կազմակերպած «100-ամյակն առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթից հետո Երեւանում Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները կանգնեցրել էին Վահրամ Գաբրիելյանի վարած մեքենան, նրան մեքենայով տարել ոստիկանական բաժին՝ փողոցի բանուկ հատվածում միայնակ ու անօգնական թողնելով Ալեք Ենիգոմշյանին, թեեւ վերջինը մի քանի անգամ կրկնել էր, որ կույր է:

Ալեք Ենիգոմշյանն իր հետ կատարվածը կապում է իր ընկերոջ՝ Վահրամ Գաբրիելյանի եւ քաղաքացիական հագուստով ոստիկանի միջեւ Արտաշատ քաղաքում «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետ:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ