News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Նախախորհրդարանի» անդամ, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ ապօրինի գործողություններ իրականացրած ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով գրություն հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազություն:

«Այս նամակն ուղղված է ՀՀ գլխավոր դատախազին, մենք ցանկանում ենք, որպեսզի բացահայտեն եւ պատժեն Ալեք Ենիգոմշյանին փողոցում միայնակ թողած ոստիկաններին»,-դատախազության շենքի մոտ հայտարարեց «Նախախորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը:

Նամակ-պահանջի տակ ստորագրեցին տասնյակ քաղաքացիներ:

Նշենք, որ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ ապօրինի գործողություններ իրակացրած ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկել պահանջող քաղաքացիները երթը սկսել էին Ազատության հրապարակից, շարժվել դեպի Նալբանդյան 130` ՀՀ Ոստիկանության շենք, ապա եկել ՀՀ գլխավոր դատախազություն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին  «Նախախորհրդարանի» կազմակերպած «100-ամյակն առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթից հետո Երեւանում Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները կանգնեցրել էին Վահրամ Գաբրիելյանի վարած մեքենան, նրան մեքենայով տարել ոստիկանական բաժին՝ փողոցի բանուկ հատվածում միայնակ ու անօգնական թողնելով Ալեք Ենիգոմշյանին, թեեւ վերջինը մի քանի անգամ կրկնել էր, որ կույր է:

Ալեք Ենիգոմշյանն իր հետ կատարվածը կապում է իր ընկերոջ՝ Վահրամ Գաբրիելյանի եւ քաղաքացիական հագուստով ոստիկանի միջեւ Արտաշատ քաղաքում «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետ:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ