News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2014 թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վ. Գրիգորյանի, շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատաքննությունը: Այդ մասին հայտնում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

Հիշեցնենք, որ սույն գործով մեղադրանք է առաջադրված ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանին եւ նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանին, ովքեր անփույթ վերաբերմունք են դրսեւորել ծառայության նկատմամբ, որն առաջացրել է էական վնաս, այն է՝ Հայկ Խաչատրյանի մահվան:

Սույն դատական նիստին տուժող կողմը կրկին չէր ներկայացել, իսկ փորձաքննության եզրակացության վերաբերյալ դիրքորոշումը դատարան էր ներկայացվել գրավոր: Նշված գրությամբ տուժողի իրավահաջորդը եւ նրա ներկայացուցիչը հայտնել էին դատարանին, որ անիմաստ են գտնում դատական նիստին մասնակցել եւ վստահություն էին հայտնել, որ գիտականորեն չհիմնավորված եզրակացությամբ փորձագետների նպատակը գործով ամբաստանյալ բժիշկներին պաշտպանելն է:

Նշված գրությամբ հայտնվել էր նաեւ, որ ինչպես դատաքննության արդյունքների, այնպես էլ փորձաքննության եզրակացության վերաբերյալ դիրքորոշում տուժող կողմը կներկայացնի գրավոր՝ դատական վիճաբանությունների փուլում: 2014 թ. հոկտեմբերի 21-ի դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովում ընդգրկված երեք փորձագետ՝ Զավեն Տեր-Ավետիքյանը, Մելանյա Շաբոյանը եւ Գայանե Մելիք-Անդրեասյանը:

Կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ, ԵՊԲՀ ընդհանուր կրծքային ամբիոնի վարիչ, վիրաբույժ Զավեն Տեր-Ավետիքյանը հարցաքննության սկզբում իր ցավակցությունը հատնեց կատարված դժբախտության առթիվ, սակայն նշեց, որ «բժշկությունը ունիվերսալ գործիքներ չունի, որ բոլոր հիվանդությունները բուժվեն, կան հիվանդություններ, որոնք չեն տեղավորվում ստանդարների մեջ»:

Փորձագետը նշեց, որ, ծանոթանալով գործի նյութերին, չի գտել որեւէ բժշկական սխալ, որը հանգեցրել է դժբախտությանը: Զ. Տեր Ավետիքյանը հավելեց, որ նույնիսկ ախտորոշումը ճիշտ դրվելու դեպքում կայծակնային ձեւով ջրծաղիկի սպեցիֆիկ բուժում չկա, իսկ ստանդարտ բուժման դեպքում մահվան ելքի հավանականությունը մեծ էր: Փորձագետը մեղադրողի հարցերին ի պատասխան նշեց, որ որովայնային ցավերի դեպքում առաջնային ստուգվում է սուր որովայնային պաթոլոգիաների առկայությունը, որի համար նշանակվում է դինամիկ հսկողություն, բացի այդ, նշեց, որ գործիքային միջոցները հիվանդության ախտորոշման համար լրացուցիչ դեր ունեն, եւ այդ հարցում վերջակետը դրվում է բժշկի անմիջական ստուգման (ձեռքով) միջոցով:

Փորձագետը նշեց, որ հիվանդին ինֆեկցիոն հիվանդանոց չտեղափոխելը սխալ չէր, քանզի ինֆեկցիոն հիվանդանոցը մոնոպրոֆիլ է եւ այնտեղ չեն կարող բուժում իրականացնել սուր որովայնային պաթոլոգիաների դեմ: Մեղադրողը նշեց, որ փորձաքննության եզրակացության մեջ նշված է, որ ինֆեկցիոնիստը եւ վիրաբույժը համագործակցել են, սակայն քրեական գործով նման տվյալ չի ձեռք բերվել եւ խնդրեց պարզաբանել այդ հանգամանքը:

Զ. Տեր-Ավետիսյանը նշեց, որ համագործակցության մասին տվյալները որեւէ կերպ չեն ֆիքսվում եւ հավելեց, որ նրանք առանձին-առանձին նայել են հիվանդին, եթե լրացումներ ունենային՝ մեկը մյուսի նշանակած բուժմանը, կկարողանային դա անել: Փորձագետը հնչեցված հարցին ի պատասխան հայտնեց, որ ինֆեկցիոնիստը պարտավոր չէր հետաքրքրվել Հայկ Խաչատրյանին տեղափոխելու հարցով, քանի որ ըստ փորձագետի «նա իր պարտքն արդեն կատարել էր»:

Պաշտպանական կողմը հարցեր չուղղեց փորձագետին, իսկ նախագահող դատավորի հարցին ի պատասխան փորձագետը նշեց, որ գիշերը Հայկ Խաչատրյանին ոչ ոք չի մոտեցել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել: Դատավորի այն հարցին, թե ինչու է Հայկ Խաչատրյանի մոտ զարգացել ջրծաղիկի վիսերալ ձեւը, փորձագետը նշեց, որ մեծահասակների մոտ ջրծաղիկը ծանր է ընթանում, հատկապես, երբ օրգանիզմը թույլ է: Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, բժշկական համալսարանի ինֆեկցիոն ամբիոնի դոցենտ Մելանյա Շաբոյանը հայտնեց, որ առայժ գրականության մեջ չի նկարագրվում լավացում հիվանդությունների կայծակնային ձեւերից: Փորձագետ Մ. Շաբոյանը պնդեց, որ սուր որովայնային ցավերի դեպքում հիվանդը պետք է գտնվի վիրաբուժական մասում, եւ միայն որովայնային պաթոլոգիաների հերքման դեպքում կարող է տեղափոխվել այլ բաժին կամ հիվանդանոց:  Փորձագետն իր խոսքում նշեց նաեւ, որ վիսցերալ ձեւերը սովորաբար ավարտվում են մահվամբ, սակայն նշեց, որ որովայնային ցավերը ջրծաղիկի վիսցերալ ձեւի ախտանիշ չեն: Վիսցերալ ձեւն ախտոշվում է վիճակի կտրուկ վատացման դեպքում, երբ առաջանում են գլխացավ, սրտխառնոց, արնահոսություն: Սույն դատական նիստի ընթացքում հարցաքննվեց նաեւ փորձաքննության հանձնաժողովի կազմում ընդգրկված փորձագետ, մասնագիտությամբ համաճարակաբան, վիրուսաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գայանե Մելիք-Անդրեասյանը: Վերջինս նշեց, որ հնարավոր չէ միանշանակ որոշել, թե որտեղ է Հայկ Խաչատրյանը վարակվել ջրծաղիկ հիվանդությամբ՝ զորամասում, թե հոսպիտալում: Հարցաքննության ժամանակ փորձագետը նշեց, որ հակահամաճարակային միջոցառումները պատշաճ կատարվել են, ու չնայած գործի նյութերում որեւէ տվյալ չկա օբսերվաթիոն գործողությունների կատարման մասին, սակայն փորձագետը պնդեց, որ դրանք արդեն իսկ պետք է կատարված լինեին սուր ռեսպիրատոր հիվանդությունների համար, որի կատարման վերաբերյալ գոյություն ունի ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրաման: Եզրակացության վերաբերյալ ցուցմունք տալու համար դատարան հրավիրված մյուս փորձագետ Մուշեղ Միրիջանյանը վիրահատություն ունենալու պատճառով չէր ներկայացել դատական նիստին, այդ իսկ պատճառով դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց 2014 թ. նոյեմբերի 6-ին, ժամը 10:00-ին, որի ընթացքում կհարցաքննվի փորձագետ Մ. Միրիջանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ