News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի պարարտանյութերի «Առողջ սունկ» գործարանը պարտավորվել է 3-6 ամսվա ընթացքում վերացնել արտադրական տհաճ հոտերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը:

Նա նշեց, որ մարզպետարանն ընկերության առջեւ բարձրացրել է տհաճ հոտի եւ բնակիչներին պատճառվող անհանգստության հարցը: «Ընկերությունը պարտավորվել է ինժեներական աշխատանքներ կատարել եւ խելամիտ ժամկետներում լուծել հոտի եւ այլ խնդիրները: Կարծում եմ՝ աշխատանքները կտեւեն 3-6 ամիս: Մենք ցանկանում ենք, որ ե՛ւ ձեռնարկությունն աշխատի, ե՛ւ բնակիչները բողոք չունենան: Վստահ ենք, որ մենք դրան կհասնենք»,- տեղեկացրեց Հարությունյանը:

Գյուղի բնակիչները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ շուրջ մեկ ամիս առաջ իրենք ստացել են Քաղաքաշինության նախարարության՝ Բյուրեղավան քաղաքի ղեկավարին ուղղված նամակի օրինակը: Հայաստանի քաղաքաշինության գլխավոր տեսուչ Սեւադա Հայրապետյանի ստորագրությամբ նամակում քաղաքապետարանին հանձնարարվել է հսկել, որպեսզի գործարանի վերակառուցումը դադարեցվի (գործարանը գտնվում է Բյուրեղավանի սահմանին, սակայն մոտ է Նուռնուս գյուղի տներին): Ավելի վաղ բնակիչները ծանոթացել են նաեւ մարդկանց առողջության համար արտանետումների վնասի մասին Առողջապահության նախարարության եզրակացությանը: «Դրանից հետո նրանք զգուշավորությամբ են աշխատում, երկու օրը մեկ, գիշերը եւ այլն: Այսինքն՝ շատ աչքի չընկնելու համար»,- հայտարարեցին բնակիչները:

Նշենք, որ օգոստոսին գյուղի բնակիչները Կառավարության շենքի առջեւ «Ո՛չ գարշահոտությանը» կարգախոսով ցույց էին անցկացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ