News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի բնակիչների ինքնագործունեության հետեւանքով խցանվել է թաղամասով  անցնող կոյուղագիծը, ինչի պատճառով կեղտաջրերը ողողել են հարակից տարածքները, շենք-շինություններն ու սպասարկման  ոլորտի  օբյեկտները:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ թաղամասում գտնվող այգիները ոռոգելու նպատակով բնակիչները կոյուղու կոլեկտորի վրա տեղադրել են ինքնաշեն փականային համակարգ, որը գիշերը փակվել է, եւ ջրաքանակը, որով բնակիչները կոյուղաջրերով ոռոգել են իրենց հողամասերը, տասնապատկվել է`կոյուղագծի ամբողջ հոսքն ուղղելով դեպի դաշտեր: Դեպքից անմիջապես հետո նշված տարածք են այցելել  Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանն ու  «Երեւան Ջուր» ընկերության «Արեւելք» շահագործման տնօրինության տնօրեն Կարապետ Օհանյանը: Արդեն հեղեղված դաշտեր ջրի հոսքը դադարեցնելու նպատակով բնակիչները թեեւ բարձրացրել են  վահանային փականը, սակայն մինչ այդ, գտնվելով փակ վիճակում, այդ հատվածում կուտակված աղբը խցանում է առաջացրել խողովակաշարում, ինչն էլ իր հերթին արտակարգ իրավիճակի է հանգեցրել:  Հատուկ տեխնիկայի օգնությամբ բացվել է խցանված հատվածի բետոնե ծածկը եւ խցանման վերացման աշխատանքներն ընթացել են ջրի ուժեղ հոսքի պայմաններում: Զուգահեռաբար ապամոնտաժվել է ինքնաշեն կառուցված փականային համակարգը: Վթարը վերացվել եւ կոյուղագծի բնականոն աշխատանքը վերականգնվել է ժամը 15:00-ին: Օրեր առաջ նմանատիպ դեպք արձանագրվել էր նաեւ  Շենգավիթ վարչական շրջանի Կարմիր բլուր կոչվող տարածքում, ուր առաջացած կոյուղագծի խցանումը դարձյալ բնակիչների ինքնագործունեության հետեւանք էր:  «Երեւան Ջուր» ընկերության «Արեւելք» շահագործման տնօրինության տնօրեն Կարապետ Օհանյանը մայրաքաղաքի ազգաբնակչությանը հորդորում է զերծ մնալ  ինքնագործունեությունից, որը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ նախեւառաջ այդ, նաեւ այլ տարածքների բնակիչների համար:

Տպել
Ամենաշատ