Վրաստանն ավարտին է հասցրել Զեստաֆոնի-Քութայիսի գլխավոր գազատարի 23 կմ-անոց հատվածամասի շինարարությունը: Այդ մասին հայտնում է «Կովկասի արձագանքը»:
Աղբյուրի տվյալներով՝ նոր հատվածամասը կառուցվել է վնասված 500 մմ-անոց խողովակաշարի փոխարեն: Նախագիծը զգալիորեն բարձրացրել է գազատարի թողունակությունը եւ գազամատակարարման համակարգի հուսալիությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ նոր գազատարի շինարարությունը մեկնարկել էր 2014թ. գարնանը եւ ֆինանսավորվել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից: Զեստաֆոնի-Քութայիսի գլխավոր գազատարի 23 կմ-անոց հատվածամասի շինարարության պայմանագրի արժեքը մոտ 4,5 միլիոն դոլար է կազմել: Ընդհանուր առմամբ, էներգաենթակառուցվածքի վերականգնումը USAID-ին մոտ 78 մլն դոլար է արժեցել: