News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ-լեհական   հնագիտական գործակցությունը դրական  արդյունքներ է արձանագրում: 2012 թ. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն  Վլ. Պողոսյանի եւ Վարշավայի համալսարանի ռեկտոր Վ. Նովակովսկու միջեւ  համագործակցության պայմանագիր էր ստորագրվել: Երկրորդ տարին է ինչ հայ-լեհական արշավախումբը պեղումներ է  իրականացնում  Մեծամոր  քաղաքատեղիում:  Ծրագիրը շարունակական է եւ  2015 թ. աշխատանքները նոր թափ կստանան: Իսկ մինչ այդ  հնագետները որոշել են իրենց աշխատանքները յուրովի ներկայացնել: «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, ս.թ. հոկտեմբերի 21-ին,  վահանակների  վրա  ցուցադրվել են  Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի աշխատակիցների կողմից  տարբեր երկրներում կատարված հնագիտական պեղումների արդյունքները  /հուշարձանների, գտածոների  լուսանկարներ/:  Ներկայացվել էին  նաեւ  ՀՀ ԳԱԱ  հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետների` վերջին  տարիներին կատարած պեղումների լուսանկարները:

Հայ-լեհական համագործակցության եւ կատարված  հսկայական աշխատանքի մասին բացման խոսքում նշեց  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը` հավաստիացնելով, որ գալիք տարիներին   համագործակցությունը նոր զարգացումներ կնշանավորի:

«2014 թ. ՀՀ  մշակույթի  նախարարությունը  պեղումներ իրականացնելու  յոթ տասնյակ թույլտվություն է տվել», -ասաց  ցուցադրությանը  ներկա`  ՀՀ  մշակույթի  նախարարի  տեղակալ  Արեւ  Սամուելյանը: Նրա խոսքով, ուրախալի է, որ Մեծամորում աշխատանքները համատեղ` ՊՈԱԿ-ի հնագետների եւ լեհ մասնագետների կողմից են իրականացվում:  Ա. Սամուելյանի փոխանցմամբ, ուսանելի է նաեւ փորձը, որ կողմերը ձեռք են բերում այս ընթացքում:

Մեծամորում պեղումների իրականացման 5-ամյա ծրագիր կա  հաստատված, եւ առաջիկա երեք տարիներին աշխատանքները կշարունակվեն: Մշակույթի նախարարի տեղակալը արձանագրեց, որ գործակցության  շրջանակում  հայ եւ  լեհ  հնագետները  նաեւ վերապատրաստվում են, համոզմունք հայտնեց, որ ապագայում նրանք կկարողանան իրենց ծանրակշիռ խոսքն ասել գիտության ոլորտում:

Ցուցադրությանը  ներկա էր նաեւ Վարշավայի հնագիտության համալսարանի  Exsplorer club-ի ղեկավար Մարիուշ Ժուկովսկին: Ավարտին լեհ հնագետներն իրենց աշխատանքների մասին պատմող  երկու  ֆիլմ ներկայացրին:

Տպել
Ամենաշատ