News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը չի դիտել ոստիկանության տարածած  տեսանյութը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին, բայց առանց այն դիտելու էլ կինոռեժիսորը հակված է հավատալ Ալեք Ենիգոմշյանին, ոչ թե ոստիկանությանը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ոստիկանների պահվածքի վերաբերյալ իր մոտեցումը պայմանավորված է վերջին քառորդ դարում իր տեսածով: Մասնավորապես, «Նախախորհրդարանի» անդամն ասաց, որ ինքը երկու անգամ դատավարության թիրախ է եղել եւ տեսել է, թե ինչպես ոստիկանության երկու գնդապետներ երդում տալով, սուտ էին ասում: Նա հիշեց հայտնի ժողովրդական խոսքը՝ «թրիքը չարժե փորփրել, դրանից եւ մենք կկեղտոտվենք, եւ գարշահոտություն կառաջանա»: Տիգրան Խզմալյանը հավելեց, որ ոստիկաններին վերաբերում է իբրեւ ազգի դավաճանների, ձրիակերների, կեղծավորների, որոնք հանդիսանում են այս բռնապետության հիմքը:

Ինչ վերաբերում է Ալեք Ենիգոմշյանի հետ կապված միջադեպին, «Նախախորհրդարանի» անդամն ասաց, որ ինքը վկա չի եղել, իր կարծիքը հիմնված է իր ընկերների ասածների հիման վրա: «Մարդ, ով կյանք է տվել այդ ամեն ինչին, դժվար որեւէ խուլիգանական դեպքի վերաբերյալ սխալ բան ասեր: Նա կույր է բայց տեսնում է բոլորիցս շատ ավելի հեռու: Ես կյանքիս վերջին պահին էլ կհավատամ Ալեք Ենիգոմշյանին»,-ասաց կինոռժեիսորը:

Նա իր զարմանքը հայտնեց, որ իր ընկերները Ալեք Ենիգոմշյանի միջադեպի առթիվ բողոքը հայտնելու համար գնացել են ոստիկանության եւ դատախազության շենքերի մոտ: «Բողոքել ոստիկաներին իրենց անօրինականությունների վերաբերյալ, դա իմ սիրելի ընկերների իդեալիստական միամտությունն եմ համարում»,-ասաց նա:

Նշենք, որ ոստիկանությունը հերքում է տեղեկությունները, թե  «Նախախորհրդարանի» անդամ, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանին թողել են փողոցում՝ անօգնական վիճակում եւ ներկայացնում է միջադեպի իր տարբերակը:

Տպել
Ամենաշատ