News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի աշխատակազմի ղեկավար Սամսոն Զատիկյանը համոզված է, որ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը, վարչության աշխատակիցների սենյակները խուզարկելու մեջ իրեն մեղադրելով, պատվեր է կատարում:

«Ես հասկանում եմ, ակնհայտ տեսնում եմ այն մարդու ականջները, որը կանգնած է Խոեցյանի հետեւում: Ակնհայտ է, թե նա ում պատվերն է կատարում: Ամեն ինչ ժամանակը կպարզի ու մոտակա ժամանակների մասին է խոսքը: Էս աղմուկը ձեռք ա տալիս միայն այն մարդուն, որն ուզում է ՀՊՃՀ-ում տեսնել դեստաբիլիզացիոն իրավիճակ: Ասեմ, որ պատվիրատուի օրերը կարճ են, ժողովրդական խոսք կա՝ 40 օր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սամսոն Զատիկյանը։

Հիշեցնենք, որ այսօր Վլադիմիր Խոեցյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Սամսոն Զատիկյանը գիշերը մտնում է վարչության աշխատակիցների սենյակներ եւ խուզարկում դրանք:

Սամսոն Զատիկյանը չհերքեց, ոչր  ինքը շրջայցեր է կատարել՝ նշելով, որ դա արել է ռեկտորի հրահանգով։

«Վերջին երկու ամիսներին համալսարանի կոմունալ ծախսերը կրկնապատկվել են: Մինչեւ իմ նշանակումը՝ հոկտեմբերի 1-ը, ռեկտորը հրաման էր տվել կատարել շրջայցեր ու պարզել, թե ինչի հետեւանք է դա: Ես իմ գալուց հետո երկու անգամ եմ շրջայց կատարել: Պարզեցի, որ մարդիկ օրը ցերեկով զուգարանում ջրի ծորակը բաց էին թողնում: Պարզելու համար՝ ուսանողներն են բաց թողնում, թե աշխատակիցները, երկու գիշերային շրջայցեր կատարեցի: Ու դրանց արդյունքում մի մասնաշենքում լույսերն եմ միացրած գտել, մյուս մասնաշենքում՝ լիֆտն ու ջուրը: Իսկ հենց իրենց վարչության մասնաշենքում լույսն էր միացված ու համակարգիչը: Անվտանգության աշխատակցի հետ գնացել ենք, դուռը բացել ենք ու լույսն անջատել եմ: Մյուս սենյակում էլ համակարգիչը չեմ անջատել՝ մտածելով, որ դա կարող է հետեւանքներ ունենալ»,-ասաց Սամսոն Զատիկյանը՝ նշելով, որ ինքն իրավունք ուներ մտնելու աշխատասենյակ, դրանք մասնավոր սեփականություն չեն, այլ պետական:

Աշխատակազմի ղեկավարի կարծիքով՝ Վլադիմիր Խոեցյանի բարձրացրած աղմուկի պատճառը նաեւ այն է, որ ինքը նրա վարչությունից աշխատանքային կարգուկանոն է պահանջում: Ինչպես նշեց Սամսոն Զատիկյանը՝ վարչության աշխատակիցները մինչեւ այժմ ժամը 10:00-ից հետո են աշխատանքի ներկայացել, իսկ ինքն այժմ պահանջում է, որ ըստ կարգի՝ ժամը 9:00-ից լինեն աշխատանքի վայրում:

«Երեք-չորս օրվա արձանագրություններ ունենք, որ առավոտյան իրենք աշխատանքի չեն լինում: Վարչության պետի օգնականն ասաց՝ 9-ից 10 պակաս համալսարանում է եղել, մենք տեսագրությունով պարզեցինք, որ աշխատանքի է եկել 9 անց 30-ին: Իրենց պարտականություններն իրենք չեն կատարում: Ամբիոնի վարիչի համակարգչի ծրագրերից մեկը կոտրել էին, նա 4 ժամ չէր կարողացել կապվել ՏՏ մասնագետներից որեւէ մեկի հետ: 4 ժամվա մեջ երկու անգամ զանգերին պատասխանել էին, տարբեր մարդիկ ճշտել էին խնդիրը, կորպուսը, ասել էին՝ կգանք, բայց չէին եկել: Այդպես էլ չեկան, այդ մարդը երեք օր հետո զեկուցագիր գրեց ռեկտորի անունով, որ վիրավորված է, որ իրեն խաբել են»,-ասաց Սամսոն Զատիկյանը:

Վլադիմիր Խոեցյանը պնդում է, որ ստուգայցի ժամանակ իր աշխատակիցները աշխատանքի են եղել, սակայն տարբեր մասնաշենքերում: Նրա խոսքով՝ բոլորի գտնվելու տեղի վերաբերյալ ինքը զեկուցագրեր է ներկայացրել:

Սամսոն Զատիկյանը զեկուցագրերը կեղծ է համարում: Նրա խոսքով՝ զեկուցագրում գրված է, որ Վլադիմիր Խոեցյանը եղել է ամբիոնի վարիչի մոտ, որն էլ նրա հարազատ քեռին է եւ կարող էր եւ նրան փրկելու համար ասել, թե իր մոտ է եղել:

Տպել
Ամենաշատ