Պաշտպանության նախարարության Վարդենիսի զինվորական հոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ հունվարի 13-ին տեղափոխված N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանի գործով կալանավորված բուժծառայության պետ, կապիտան Արման Թադեւոսյանի գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
«Հոկտեմբերի 22-ին նշանակված էր առաջին դատական նիստը, որը սակայն հետաձգվել է, քանի որ Մհեր Խլղաթյանն ու վկաները նիստին չէին ներկայացել»,- ասաց փաստաբանը:
Մեր հարցին, թե ինչքանով է նպատակահարմար նիստերը Վարդենիսում անցկացնելը, Լիպարիտ Սիմոնյանը պատասխանեց, որ եւ մեղադրյալների, եւ վկաների համար ավելի հարմար կլիներ՝ դատավարությունն անցկացվեր Երեւանում:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 13-ին, ժամը 02-10-ի սահմաններում ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը:
Գործի շրջանակներում բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադեւոսյանը կալանավորվել էր հունվարի 17-ին, նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասի (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը): Զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը եւ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը կալանավորվել էին հունվարի 18-ին, նրանց մեղադրանք էր առաջադրվել 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով: