Տավուշի եւ Լոռու մարզերում բերքահավաքը համարյա ավարտվել է, հետեւաբար հոկտեմբերի 26-27-ը սպասվող ջերմաստիճանի կտրուկ նվազման պատճառով ցրտահարություն չի սպասվում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հայտնեց, որ իրենց մարզում բերքահավաքն ամբողջությամբ ավարտվել է:
«Մնում է միայն կաղամբը, իսկ ցուրտը դրա վրա չի ազդի: Մարզի բնակիչների համար էլ պաշտոնական շրջաբերականներ չենք ուղարկել, սակայն համոզված եմ, որ ԶԼՄ-ներից արդեն տեղեկացել են այդ մասին»,- նշեց Արթուր Նալբանդյանը:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն էլ ընդգծեց, որ բերքահավաքն իրենց մարզում ավարտին է մոտենում, իսկ իրացնելու հետ կապված տավուշցիները որեւէ խնդիր չեն ունեցել:
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, կառավարության նիստի ժամանակ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 26-27-ին Հայաստանում կտրուկ կցրտի: Նրա խոսքով, Լոռիի, Տավուշի, Սյունիքի մարզերում ջերմաստիճանը կնվազի գրեթե 20 աստիճանով: Ջերմաստիճանը կնվազի նաեւ Երեւանում: Պատճառը հզոր արկտիկական ցիկլոնն է Սիբիրից, որը շարժվում է հանրապետության ուղղությամբ: