News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության սահմանադրական զարգացումների շուրջ քսանամյա նորագույն պատմությունը վկայում է, որ իրավական, ժողովրդավարական պետության կայացման համար իրավունքի գերակայության երաշխավորումն այլընտրանք չունի: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված երեւանյան 19-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։ 

Սերժ Սարգսյանի ուղերձում ասվում է.

«Խորհրդաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ,

Շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստան են ժամանել քսանից ավելի երկրների անվանի սահմանադրագետներ՝ քննության առնելու բացառիկ կարեւորության մի հիմնախնդիր` մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը:

Ուրախ եմ նաեւ, որ սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին նվիրված երեւանյան խորհրդաժողովները, բարի ավանդույթ լինելուց զատ, միջազգային կարեւորություն են ձեռք բերել:

Հատկապես ցանկանում եմ կարեւորել ներկա խորհրդաժողովի թեման եւ քննության առարկա հիմնախնդրի անմիջական կապն իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքի երաշխավորման հետ:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական զարգացումների շուրջ քսանամյա նորագույն պատմությունը նույնպես վկայում է, որ իրավական, ժողովրդավարական պետության կայացման համար իրավունքի գերակայության երաշխավորումն այլընտրանք չունի: Իսկ վերջինս չի կարող լինել սոսկ բարի ցանկություն: Այն պահանջում է սահմանադրական համարժեք լուծումներ, ներդաշնակ ու գործուն իրավական համակարգ, արդյունավետ գործող կառուցակարգեր, իրավական մտածողության եւ իրավական մշակույթի անհրաժեշտ միջավայր: 

Այս ամենը միանգամից եւ մեկ օրում չի տրվում: Հաջողություն կարելի է ակնկալել այն դեպքում, երբ իրավունքի գերակայության երաշխավորումը պետական քաղաքականության օրակարգի կարեւորագույն խնդիր է դարձել, երբ այն քաղաքական մտածողության շարժիչ ուժն է, երբ անձի արժանապատվությունը նրա ամենօրյա սոցիալական դրսեւորումների անբաժան եւ երաշխավորված ուղեկիցն է:

Մեզ համար քննության առարկա հիմնախնդիրն առավել կարեւորվում է` նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել կարեւոր սահմանադրական բարեփոխումների: Ընդամենն օրեր առաջ է մասնագիտական հանձնաժողովը ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Այն քննարկվել եւ հավանության է արժանացել նաեւ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում եւ առաջիկայում քաղաքական քննարկումների փուլ է անցնելու:

Դժվար է վերջին 20-25 տարում մեծ փորձություններ դիմակայող ու արմատապես վերափոխվող հասարակական համակարգի համար պնդել, թե ժողովրդավարությունը հաստատուն ու ցանկալի հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն երաշխավորված ու պաշտպանված են, առկա է արդյունավետ եւ իրավական պետության չափորոշիչներին ներդաշնակ արդարադատական համակարգ: Դրան կարելի է հասնել` երաշխավորելով համարժեք սահմանադրական զարգացումներ, ճիշտ դասեր քաղելով նաեւ միջազգային հանրության եւ հատկապես նոր ժողովրդավարության երկրների փորձից: Ես առիթ եմ ունեցել շեշտելու. «Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է»: Սահմանադրություն, որն ունենա արժեբանական կայուն ու անսասան հիմք եւ հանրային այնպիսի միջավայր, որ այդ արժեքներն ապրող իրողություն դառնան երկրի ու ժողովրդի համար:

Անշուշտ, նման Սահմանադրության համար անկյունաքարային նշանակություն ունեն մարդու արժանապատվության սահմանադրական ինստիտուտը եւ դրա իրացման անհրաժեշտ իրավական կառուցակարգերը: Համոզված եմ, որ այս հրատապ հիմնախնդրի շուրջ երեւանյան 19-րդ միջազգային խորհրդաժողովում ներկայացվող զեկույցները եւ քննարկումներն օգտակար դերակատարություն կունենան թե՛ սահմանադրական զարգացումների եւ թե՛ սահմանադրական արդարադատության պրակտիկայի տեսանկյունից: 

Մաղթում եմ ձեզ բեղմնավոր աշխատանք եւ հաճելի օրեր մեր հյուրընկալ երկրում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է. Արմեն Խաչատրյան
Այսինքն վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները...
Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
Այս պնդումը հիմնված է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել և փոխանցել քաղաքական...
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Նիկոլ Փաշինյանն անցել է բացարձակ պետական ահաբեկչության․․․
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
Ամենաշատ