News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 23-ին Կիեւյան կամրջից նետվելով ինքնասպանության փորձ կատարած՝ Այնթափի բնակիչ Սամվել Թովմասյանին եւ նրա երկու ընկերներին՝ Նարեկ Խարսափետյանին եւ Գոռ Թովմասյանին կով գողանալու մեղադրանքով ձերբակալելուց հետո  խափանման միջոց են ընտրել կալանավորումը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ձերբակալված Նարեկ Խարսափետյանի կինը՝ Ծաղիկ Անդրեասյանը՝ նշելով, որ ամուսնուն եւ նրա ընկերներին կալանավորել են, չնայած նրան, որ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը Կիեւյան կամրջի մոտ Սամվել Թովմասյանին խոստացել էր չկալանավորել նրանց:

«Աշոտ Կարապետյանը բոլորի ներկայությամբ խոստացավ, որ խափանման միջոցը չեն փոխելու եւ իրենց գործով զբաղվելու է, որ երեքին էլ բաց թողնեն, որովհետեւ տուժողը գնացել է Ոստիկանության Էրեբունու բաժին եւ ասել է, որ ինքը չի բողոքում»,- ասաց Ծաղիկ Անդրեասյանը:

Ծաղիկի խոսքով՝ Սամվել Թովմասյանին ձերբակալել են գիշերը հիվանդանոցում, չնայած Սամվելի առողջական վիճակը վատ է եղել, քանի որ նախորդ օրը Կիեւյան կամրջի մոտ Սամվելը ածելիով վնասել էր իրեն: Իսկ գործով կալանավորված նրա ընկերը՝ Գոռ Թովմասյանը, կալանավայրում հացադուլ է հայտարարել, բերանն է կարել, Սամվել Թովմասյանն էլ սպառնում է, որ եթե իրեն դատեն,  ինքնասպանություն կգործի:

Կարեն Խարսափետյանի կինը նշեց, որ ինքը 15 օրից ծննդաբերելու է, եւ եթե ամուսնուն դատեն, չգիտի՝ որտեղ է ապրելու եւ ինչպես: Ամուսինը թեեւ շատ չէր վատսակում, բայց աշխատում էր աղբահանման ծառայությունում եւ հոգում էր ընտանիքի հոգսը։ Նա կնոջ հետ բնակվում է վարձով, ընտանիքը սպասում է առաջնեկին։

Ծաղիկը պատմեց, որ դեպքը մոտավորապես 15 օր առաջ է տեղի ունեցել. ամուսինը՝ Նարեկ Խարսափետյանը, իր ընկերներ Սամվել Թովմասյանի եւ Գոռ Թովմասյանի հետ աշխատանքից տուն վերադառնալիս Նուբարաշենում կով են տեսել, մտածել են, որ Այնթափ գյուղի եզդիներին պատկանող անասուն է, դրել են մեքենան եւ գյուղ են տարել:

«Կովին բերել են, տարել, տվել են իր տիրոջը, դրանից հետո պարզվել է, որ կովի տերը ոստիկանությունում բողոքել է, բայց նորից ոստիկանություն է գնացել, բողոքը հետ է վերցրել: Նույնիսկ էդ եզդին շնորհակալություն է հայտնել, որ իր անասունը վերադարձրել են»,-ասաց  Ծաղիկ Անդրեասյանը:

Կնոջ խոսքով՝ ոստիկանությունում եզդու ցուցմունքը հիմնավոր չեն համարում եւ ցանկանում են իր ամուսնուն եւ նրա ընկերներին անպայման ազատազրկել:

«Նույնիսկ իմ ամուսնուն ծեծել են Էրեբունում քաղմասում, որ մեղքը վերցնի իր վրա: Պաշտպան է ուզել, քննիչն ասել է, որ ինքն է ամուսնուս պաշտպանը: Պետի տեղակալն էլ եկել, ամուսնուս ասել է՝ մեղքը վրադ վերցրու, խափանման միջոցը կփոխենք, բայց եթե ինքը չի գողացել, ինչի պիտի չարած բանը վերցնի իր վրա եւ գնա նստի: Ինքը որ նստի,  ես որտե՞ղ եմ ապրելու, հիմա ընկել եմ փողոցները, որ հացի փող ճարեմ: Եթե նրանց ազատ չարձակեն, ես էլ եմ հացադուլ հայտարարելու, եթե գող չեն, ինչի՞ պիտի դատվեն»,-ասաց Ծաղիկ Անդրեասյանը:

Նշենք, որ Սամվել Թովմասյանին,  Գոռ Թովմասյանին եւ Նարեկ Խարսափետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 177 հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կատարված գողություն):

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին 40-ամյա Սամվել Թովմասյանը, որը բերանում ածելի էր դրել և արձակել ավելի վաղ կարած բերանը, Երևանի Կիևյան կամրջից ցած նետվելու փորձ է կատարել: ԱԻՆ փրկարար ջոկատին  հաջողվել է նրան հետ պահել:  Շտապ օգնության մեքենայով նա տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ: Դեպքի վայրում է եղել նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որը խոստացել է Սամվելի պահանջները կատարել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել  նրան
2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Ամենաշատ