News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոր Նորք վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նորակառույց եւս երկու հանգստի գոտիներ: Ծրագրի կյանքի կոչումն ու նոր եւ համարավետ այգու բացումն առավել քան սպասված էր Ջրվեժ Բանավան 2-րդ եւ 4-րդ  շենքերի հարակից տարածքի բնակիչների համար: Բնակիչների խնդրանքով քաղաքապետը նկարազարդվող պատին անձամբ է գունավորել խաղաղության աղավնին: Շնորհակալություն հայտնելով բարեկարգման եւ հանստի գոտու ստեղծման համար, բնակիչներն ընդգծել են, որ այգիների ու բակերի բարեկարգման եւ կառուցման ծրագրերը հատկապես ծայրամասային համարվող վարչական շրջաններում իրապես կարեւոր են ու սպասված: Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ քաղաքի համաչափ զարգացման ապահովումն իր առաջնահերթ նպատակներից մեկն է եւ այդ համատեքստում կարվի ամեն ինչ, որպեսզի անկախ վարչական շրջանի տեղակայման դիրքից երեւանցին իրեն զգա իրապես մայրաքաղաքի լիարժեք բնակիչ: Ողջունելով քաղաքապետի նման դիրքորոշումը, բնակիչներն էլ իրենց հերթին վստահեցրել են, որ իրենց ուժերի սահմանում կանեն հնարավորը, որպեսզի օր առաջ կյանքի կոչվեն Տարոն Մարգարյանի ծրագրերը: Հանգստի գոտում տեղի է ունեցել նաեւ ԵԿՄ կողմից Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացումը:

Բնակիչների տնօրինմանը հանձնված հաջորդ՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան 13 շենքի հարակից տարածքի այգին բարեկարգվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, ինչը  քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է: Բարեկարգման ծրագրի շրջանակում  4300 քմ ընդհանուր մակերեսով նորաստեղծ այգին բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ապահովվել է անհրաժեշտ բոլոր պայմաններով: Հանգստի գոտում տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, զրուցարան: Կառուցվել են նոր արահետներ, աստիճաններ, անցկացվել է արտաքին լուսավորության ու ոռոգման նոր համակարգ: Կարեւորելով մասնավոր հատվածի հետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է համագործակցության համար եւ ողջունում է մասնավոր հատվածի մասնակցությունը Երեւանի զարգացման ծրագրերին. «Մենք բազմիցս ենք հայտարարել, որ քաղաքապետարանի ծրագրային գերակայությունների շարքում առանձնակի կարեւորվում է այգիների, պուրակների եւ, ընդհանրապես, կանաչ տարածքների բարեկարգումը եւ մենք  տարեցտարի ավելի  ենք ընդլայնում այդ ուղղությամբ աշխատանքների ծավալները: Եվ որ կարեւոր է, այս հարցում եւս առաջնորդվում ենք մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքով եւ ծրագրերի մեծ մասն իրականացնում ենք հատկապես ծայրամասային վարչական շրջաններում: Այսօր մենք երեւանցիներին ենք հանձնում հանգստի հերթական գեղեցիկ անկյուններից մեկը, որը կառուցվել է Երեւանի քաղաքապետարանի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Գեղեցիկ Երեւան» ծրագրի շրջանակում: Աշխատանքները մեկնարկել էին գարնանն ու այսօր արդեն Նոր Նորքն ունի   4300 քմ ընդհանուր մակերեսով գեղեցիկ ու խնամված այգի՝ ճեմուղիներով, նստարաններով, աղբամաններով: Այգու տարածքի 70 տոկոսից ավելին, ինչպես եւ խոստացել էինք, կանաչ մակերեսն է կազմում: Կարծում եմ նաեւ նկատեցիք, որ այգու 8 մուտքերից 4-ը հարմարեցված են հենաշարժողական խնդիրներ ունեցող մեր համաքաղաքացիների համար: Մենք շարունակելու ենք նոր այգի-պուրակների ստեղծման ուղղությամբ ծրագրերի իրականացումը եւ համոզված եմ, որ մի քանի տարի անց մենք իրոք կունենանք ավելի կանաչ ու ավելի բարեկարգ քաղաք, որը, վստահ եմ, բոլորիս ցանկությունն է», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:  Քաղաքապետն ու ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն այգում եղեւնի են տնկել:

Տպել
Ամենաշատ