News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական համալսարանում կազմակերպված  «Ուսանողական ինքնակառավարման զարգացումը եւ երիտասարդական կազմակերպությունների նորարարական աշխատանքների մեթոդները» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներին այսօր ընդունել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով ներկաներին` նախարարն ընդգծել է, որ քաջատեղյակ է ուսանողության խնդիրներին, որոնք, մասնավորապես, ԱՊՀ տարածքում հիմնականում նույնատիպ են:

Արմեն Աշոտյանը նշել է, որ ուսանողությունը, լինելով ոչ միայն կրթության շահառուն, այլեւ երկրի շարժիչ ուժը, ինչպես նաեւ ունենալով մեծ ներուժ` պետք է  ներգրաված լինի ոլորտի բարեփոխումներում:

«Ուսանողի դերը չի կարող սահմանափակվել նրա հասարակական ակտիվությամբ: Իհարկե, շատ կարեւոր է ուսանողների մոտ քաղաքացիական բարձր գիտակցության զգացումը,  քանի որ ուսանողներն են երկրի ապագան, բայց նախեւառաջ ուսանողը պետք է հանդիսանա կրթական գործընթացի կարեւոր մասնիկը` այդպիսով ներգրավվելով կրթական բարեփոխումներում: Մենք աշխատում ենք ձեզ համար, եւ ձեր կարծիքը մեզ համար անչափ կարեւոր է»,-դիմելով ուսանողներին` նշել է Ա. Աշոտյանը:

Հանդիպման մասնակիցները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք հիմնականում վերաբերել են  Հայաստանում «Երիտասարդության մասին» օրենքի ընդունման ուղղությամբ տարվող աշխատանքներին, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կրթության ոլորտում երկկողմանի համաձայնագրերի շրջանակում ընդհանուր հիմունքներով անվճար կրթություն ստանալու հնարավորությունների եւ կրթաթոշակների տրամադրման կարգին, նպատակային տեղերով կրթությանը, ուսանողների շարժունությանը, էլեկտրոնային ուսուցմանը, բուհերի խոշորացմանը, կրթության որակի ապահովմանը, դասախոսների փոխանակմանը, Բոլոնիայի գործընթացում կրթական աստիճանների եւ դրանով պամանավորված`  աշխատաշուկայի պահանջարկի հետ կապված խնդիներին: Ուսմանը զուգընթաց աշխատելու ուսանողների  հնարավորությունների վերաբերյալ նախարարը նշել է, որ այսօր առավել կարեւորված է ուսման ընթացքում պրակտիկայի ճիշտ կազմակերպման խնդիրը` աշխատաշուկա-կրթություն համատեքստում: Ա. Աշոտյանն ընդգծել է, որ իրականում այն գործատուները, ովքեր ուսանողներին դիտարկում են որպես իրենց ապագա գործընկերներ, մեծ հաջողություններ են արձանագրում` որպես օրինակ ներկայացնելով ՏՏ եւ բանկային ոլորտները: ՀՀ բուհերի ինքնավարության խնդիրների վերաբերյալ ուսանողի հարցին` նախարարը պարզաբանել է, որ ՀՀ- ում բուհերն ունեն բավականին մեծ ինքնավարություն եւ ապագայում նախատեսվում է անցումը հանրային բուհերի կարգավիճակի, որի պարագայում ուսումնական հաստատությունը կախվածություն կունենա ոչ թե պետությունից, այլ հասարակությունից ու առաջին հերթին հաշվետու կլինի ուսանողին եւ ծնողին, միաժամանակ բուհի բյուջեն կլինի բաց եւ թափանցիկ:

Նշենք, որ Երեւանում կազմակերպված համաժողովին մասնակցում է շուրջ 50 ներկայացուցիչ` տարբեր երկրներից, մասնավորապես ՌԴ-ից, Բելառուսից, Ղազախստանից, Թուրքմենիայից, Վրաստանից, ինչպես նաեւ Արցախից:

Տպել
Ամենաշատ