News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակարանատերերը այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Արցախբանկի»՝ Երեւանի Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Նաիրի» մասնաճյուղի դիմաց մոտ երկու ժամ սպասելուց հետո փորձեցին ներխուժել բանկ, սակայն բանկի անվտանգության աշխատակիցները կասեցրին նրանց։ Հրմշտոցի հետեւանքով բանկի դուռը կոտրվեց։

«Լավ ենք արել, բանկի բոլոր դռներն էլ պիտի կոտրենք։ Ինչո՞ւ չեք թողնում մտնենք։ Երկու ժամ ա սպասում ենք։ Սաղ իրար վրա են գցում, մեր հարցը չի լուծվում»,- գոռգոռում էին բարկացած բնակարանատերերը։

Նշենք, որ բնակարանատերերից երեքը մինչեւ այդ բանկ էին մտել՝ «Արցախբանկի բաժնետերեր Հրաչ Կապրիելյանի եւ Վարդան Սիրմակեսի հետ հանդիպում պահանջելու, քանի որ տեղյակ էին, որ նրանք Հայաստանում են։

Քիչ անց շենքից դուրս գալով նրանց տեղեկացրին, որ հեռախոսազրույց են ունեցել  Կապրիելյանի հետ, որը նախ նախատել է բնակարանատերերին՝ իրեն օգնելու ժամանակ չտալու եւ իր դեմ բողոքելու համար, ապա ասել է, որ ինքը հրաժարվում է նրանց հարցով զբաղվել, դրանով այժմ զբաղվում է բանկի մյուս բաժնետեր Վարդան Սիրմակեսը, որն այժմ կառավարությունում հանդիպման է։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տարածք են եկել ոստիկանական ուժեր։ Իրավիճակը լարված է. բնակարանատերերը մի քանի խիտ շարքով կանգնել են բանկի մուտքի դիմաց եւ հրաժարվում են հեռանալ, մինչեւ չհանդիպեն բանկի բաժնետերերի հետ եւ հստակ պատասխան չստանան։  Ոստիկանները ապարդյուն համոզում են նրանց անցնել դիմացի մայթը եւ բացել բանկի մուտքը։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ