Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը լավատեսության ներշնչեց, իսկ մյուս կողմից վատատեսություն, որ բանակցային գործընթացքում այլեւս ոչինչ առաջ չի շարժվի: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հայտարարեց «Եվրոպական ինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեկարյանը:
Նրա խոսքով՝ երկու կողմերի միջեւ վստահությունն այնքան ցածր է, որ անհնար է պնդել, որ ադրբեջանական կողմը այլեւս պրովակացիաների չի դիմի: «Հանդիպման արդյունքում ակնհայտ դարձավ, որ կողմերը գոյություն ունեցող ձեւաչափով աշխատանքը շարունակելու շուրջ հստակ դիրքորոշում ունեն, եւ որ նման հանդիպումները պետք է հաջորդական լինեն», - ընդգծել է Կարեն Բեկարյանը:
Քաղաքագետը նաեւ հավելել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնած հետաքրքրիր մարտավարության շնորհիվ արձանագրվել է, որ առկա են որոշ հարցեր, որոնց շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները նույնիսկ կարող են համընկնել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կայացել է ինչպես առանձին, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների մասնակցությամբ հանդիպում: