News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակարանատերերը 2015թ. սեպտեմբերին բնակարաններ կստանան: Բնակարանատերերի, «Արցախբանկի» բաժնետեր Հրաչ Կապրիելյանի եւ կառավարության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, նման խոստում տվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը:

Կառավարության ներկայացուցիչը բնակարանատերերին տեղեկացրեց, որ «Արցախբանկը» երկու տարբերակ է առաջարկում՝ լրավճարի միջոցով ստանալ բնակարան կամ բնակարանի փոխարեն որպես փոխհատուցում ստանալ գումար:

Դավիթաշենում գնած բնակարանի դիմաց բանկն առաջարկում է վճարել 86%-գումարի փոխհատուցում, կամ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 80 դոլար լրավճարով ստանալ բնակարան: Փափազյանում գնված բնակարանի դիմաց բանկն առաջարկում է վճարել 85% գումարի փոխհատուցում, կամ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 150 դոլար լրավճարով ստանալ բնակարան:

«Երկու շենք ունենք, որոնցից Փափազյանի շինարարությունն ավարտված է, Դավիթաշենինը՝ ոչ: Նոյեմբերի 1-ից սկսում ենք բնակարանների հանձնման պրոցեսը, մարտի 1-ին կսկսվի Դավիթաշենի շինարարությունը, իսկ սեպտեմբերին 1-ին Դավիթաշենում արդեն բնակարանները կստանան: Փափազյանում երկու տեսակի բնակարանատերեր ունենք. մի մասը սեփականության վկայական ունի, մյուսները՝ ոչ: Բայց բոլոր բնակարանները կալանքի տակ են, վկայական ունեցողները եւս պետք է մասնակցեն շենքի ավարտական ծախսերին, քանի որ շենքի վրա կոսմետիկ աշխատանքներ անելու կարիք կա: Այն վճռականությամբ, որ բանկի դեմ էիք պայքարում, պետք է պայքարեք ձեր հարեւանների դեմ, արդար չի, որ ձեր փողերով շենք կառուցվի եւ իրենք ապրեն»,- ասաց Հայկ Դավթյանը:

Նրա առաջարկը Փափազյան շենքի  բնակարանատերերի մոտ դժգոհություն առաջացրեց: Նրանք անարդար եւ անտրամաբանական համարեցին լրավճարների ոչ հավասար բաշխումը: Հայկ Դավթյանը պարզաբանեց, որ Փափազյանում բնակարանները կրկնակի թանկ են, եւ իրենք ըստ դրա են  կատարել գումարի բաշխումը:

Բնակիչները, այնուամենայնիվ, թերահավատորեն մոտեցան այս խոստմանը, պահանջեցին, որ խոստումը գրավոր արձանագրվի եւ կնքվի կառավարության կնիքով. «Հինգ ամիս առաջ էլ Հրաչ Կապրիելյանի հետ համաձայնության եկանք, որ երեք ամիս հետո շինարարությունը սկսում ենք, բայց ոչ մի օգուտ: Այդ ժամանակ համաձայնվեցինք 70 դոլար լրավճարի շուրջ, հետո դա դարձավ 80 դոլար: Մենք՝ Դավիթաշենի 160 բնակիչներս, բոլորով համաձայն ենք, միայն իմանանք, որ կոնկրետ ժամանակում բնակարանը կկառուցվի, այնպես չլինի, որ ինչ-որ մեկը էլի գա ու համաձայն չլինի»:

 Հայկ Դավթյանը բնակարանատերերին խոստացավ մի քանի օրից այսօրվա խոստման գրավոր արձանագրությունը փոխանցել նրանց:

«Վերջապես 10 տարվա թաղած մեռելը վորակենդանացրինք, շնորհակալություն մեր կառավարությանը: Նրանք մեզ խոստացան, որ կնիքով գրավոր կտան մեզ իրենց խոստումը, որպեսզի բնակիչները հավատան, դուրս չգան ընդվզելու»,-հանդիպումից հետո լրագրոներին ասաց Զոյա Պետրոսյանը՝ նշելով, որ առայժմ իրենք կդադարեցնեն բողոքի ակցիաները:

Հիշեցնենք, որ «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ