Փարիզի հանդիպմանը կարեւոր էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը: Այս տեսանկյունից Փարիզն առաջընթաց գրանցեց: Այս մասին հոկտեմբերի 30-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը:
Ըստ նրա, սակայն, այն, որ Փարիզի բանակցություններում ղարաբաղյան կողմը ներկա չի եղել, հանդիպման բացասական կողմերից է: «Եթե ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցություններին, դրանք արդյունավետ չեն կարող լինել: Սակայն Փարիզը դրան նշանակություն չի տալիս», - նշել է Բեքարյանը: Փարիզի հանդիպման մյուս բացասական կողմը, հավելել է քաղաքագետը, դիվերսանտների գործողություններն օրինականացնելու Ադրբեջանի փորձն էր: Այնուամենայնիվ, ըստ Կարեն Բեքարյանի, նույնիսկ վատ բանակցությունները կրակոցներից լավ են: «Վստահություն չկա, սակայն գոնե հույս կա, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ իրավիճակը չի սրվի», - ասել է քաղաքագետը: