Շանթ Հարությունյանի գործում չկա եւ չի էլ կարող քաղաքական ենթատեքստ լինել: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, կառավարությունում հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Նրա խոսքով՝ գործով նյութերը դրա պերճախոս ապացույցն են: «Գործը հագեցած է ցուցմունքներով եւ Հարությունյանի ու մի շարք անձանց գործողությունների տեսագրություններով: Ուստի քաղաքական աստառի մասին կարծիքները անհիմն են», - հայտարարեց Կոստանյանը:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանին հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, նրա անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Նրանց մեղադրում էին 2014թ. նոյեմբերի 5-ին Երեւանում անկարգություններ հրահրելու մեջ: