News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պաշտոնական այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր:

Նախագահը շրջայց է կատարել քրիստոնեական այդ սրբավայրում, այնուհետ գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում. «Մաղտասում՝ Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում, հոգեւորը գերակայում է, մարդն այստեղ դառնում է համամարդկայինի մի մասնիկը՝ գիտակցելով հավերժության անխուսափելիությունը։ Մկրտության խորհուրդն իր մեջ կրում է նորը, հանդուրժողը եւ վերածնվող բարին։ Կարծում եմ՝ սա այն վայրն է, որը կարող է փոխել մարդու աշխարհընկալումը։ Երախտապարտ եմ, որ Հորդանանը հոգատարությամբ է վերաբերվում նմանատիպ համաշխարհային սրբավայրին՝ դրանով հաստատելով քաղաքակրթությունների երկխոսության իր պատրաստակամությունը։ Շնորհակալություն Հորդանանի իշխանություններին եւ ժողովրդին այս սրբավայր այցելելու հնարավորություն ընձեռելու համար»,-գրել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահը Երուսաղեմի Հայոց Պատրիարքի, Հորդանանի հոգեւոր առաջնորդի եւ Հորդանանի հոգեւոր առաջնորդության ու ազգային տեղական խորհրդի գլխավոր քարտուղարի, հայ համայնքի ներկայացուցիչների եւ իր գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամների հետ այցելել է նաեւ հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի:

Ավարտելով պաշտոնական այցը Հորդանան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ