News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գանձասար վանական համալիրի հոգեւոր հովիվ Գրիգոր քահանա Մարկոսյանը չգիտեր, որ 1990թ.-ի նոյեմբերին 15 օրով Արցախ գալը ճակատագրական է լինելու համար: 24 տարի անց NEWS.am-ի թղթակիցը Գանձասարում տեր Գրիգորին հանդիպեց իր փոքրիկ սենյակում (ֆոտոռեպորտաժ):

Տեր Գրիգոր, ե՞րբ եք Արցախ եկել, արդյո՞ք նպատակ ունեիք մշտական բնակություն հաստատել այստեղ:

Նպատակ ընդհանրապես չեմ ունեցել: 1990թ.-ի նոյեմբերի 25-ին Վազգեն Առաջինը խնդրեց, որ 15 օրով գամ Արցախ՝ մասնակցելու պատարագներին, սարկավագի անհրաժեշտություն կար: 1978թ.-ից ծառայել եմ եկեղեցում, Երեւանի համարյա բոլոր եկեղեցիներում եմ ծառայել եւ ահա Վազգեն Սրբազան խնդրանքով եկա Արցախ: Այդ ժամանակ ես Ամերիկա պետք է գնայի համերգների, ես երգիչ էի այդ ժամանակ, մտադրություն ունեի մշտական բանկություն հաստատել: Բայց չստացվեց, երեւի Աստծո նախախնամությունն էր: Քանի որ Ամերիկա չգնացի, Սրբազանը նորից կանչեց, ի դեպ ես երբեք էլ չեմ ցանկացել քահանա աշխատել, որովհետեւ ահավոր ծանր աշխատանք է, ահավոր շատ պատրաստվածություն է պետք: Ճեմարանում չեմ սովորել, քահանա չէի ուզում դառնալ, ինչ որ երկյուղ կար: Բայց 1990թ.-ին նոյեմբերի 25-ին, երբ այստեղի առաջին վանահայրը՝ Միքայել Աջապահյանը, Սրբազանի որոշմամբ գնաց Գեւորգյան ճեմարան՝ դասավանդելու, նույն Սրբազանի հրամանով դարձա վանահայր: Երկու տարի աշխատեցի Գանձասարում, որից հետո Վազգեն Առաջինի հրամանով դարձա բանակի հոգեւոր հովիվ:

Դուք առաջին հոգեւորականներից էիք, որ պատերազմի դաշտ մեկնեցիք:

Իհարկե, մինչեւ այդ Շահումյանի մարտերին էլ եմ մասնակցել, զինվորների հետ շփվելու փորձ ունեի, այդ պատճառով որոշվեց, որ ես կդառնամ բանակի հոգեւոր հովիվը: Հետաքրքիր մի բան եղավ, հենց պատերազմի ժամանակ ես հասկացա, թե ինչ է իսկական ընկերությունը, ախպերությունը, երբ օտարին սիրում ես եղբորդ պես: Շատ բան տվեց այս պատերազմը, շատ բան վերցրեց, հերոսների տարավ, հաղթեցինք, իսկապես վայելողները շատ են, բայց ոչ ժողովուրդը:

Փաստորեն, պատերազմը բեկումնային եղավ: Երեւանցի երգիչը մնաց Արցախում եւ դարձավ հոգեւորական:

Ոչ միայն պատերազմը: Ինքը հենց պատերազմը հոգեւոր առումով ոչ մի բան չէր, մենք ոչ թե հավատքի համար էինք պայքարում, այլ մեր պաշտպանական հողերն էինք ազատագրում: Ընթացքում պարզվեց, որ որոշ մարդկանց համար սա հոգեւոր պայքար էր: Ինչ որ տեղ կարելի է համաձայնվել: Չկնքվածներին մկրտում էինք եւ ուղարկում պատերազմ: Գալիս, ասում էին՝ կնքվենք, որ եթե զոհվենք, գոնե քրիստոնյա զոհվենք: Դե պատկերացրեք՝ դա ինչ է հոգեւորականի համար, ահավոր ոգեւորվում ես, որ ժողովուրդն իսկապես դարձի է եկել: Հոգեւորականի ներկայությունը շատ կարեւոր է: Եթե Պարգեւ Սրբազանին տեսնելով՝ չկռվեիր, ուրեմն դու վախկոտի մեկն ես, եթե նրա կողքին չհավատայիր, դու ո՞վ ես: Պարգեւ Սրբազանն այդ ամբողջ ուժը տալիս էր: Շատ բան տվեց ինձ նաեւ Պարգեւ Սրբազանը:

Պատերազմն ավարտվեց, մենք հաղթեցինք: Ի՞նչ արեց դրանից հետո բանակի հոգեւորական տեր Գրիգորը:

Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին բացվեց, ես գնացի այնտեղ, այնուհետեւ 2003-2006թթ նորից բանակի հոգեւոր հովիվն էի, բայց արդեն խաղաղ պայմաններում:

Տարբերությունը մե՞ծ է:

Տարբերությունը ահավոր մեծ է: Պատերազմի ժամանակ կարող էիր զենքը վերցնել եւ զինվորներին ոգեւորել: Խաղաղ ժամանակ դու դրանով զինվորին չէիր ոգեւորի: Խաղաղ ժամանակ հոգեւորականի շարժուձեւը լրիվ ուրիշ է: Փառք Աստծո, այսօր ունենք բանակի հոգեւոր սպասավորություն:

2006.թ-ից առ այսօր Գանձասարի հոգեւոր հովիվն եք, վանք, որը նույնիսկ ձմռանն է զբոսաշրջիկների եւ ուխտավորների ընդունում աշխարհի տարբեր ծայրերից:

Եկեղեցին շատ աղոթաբեր է: Սակայն շատերը գալիս են որպես տեսարժան վայր: Գուցե երեւի դարձի գանք ժամանակի ընթացքում: Ես չեմ ասում, որ հավատ չկա: Ում հարցնում ես, հավատում է: Պարզապես մեզնից ավելի շատ է պահանջվում հավատը, խետք է ավելի զգոն լինենք, ավելի աչալուրջ: Կան բաներ, որոնք հենց այդպես ասելու չէ: Վստահ եմ՝ հենց այսօր մի քանի խումբ կգա, բայց նրանք գալիս են նկարվելու համար: Պետք է իսկապես ժողովրդի գիտակցությունը փոխել: Մարդիկ ամռանը մայկա տրուսիկով գալիս են եկեղեցի, մոմ են վառում, որ իրենց գործերին հաջողություն լինի, այնուհետեւ արդեն փողկապով, կոստյումով գնում են գործի ընդունվելու: Զարմանալի բան է:

Հաշվի պետք է առնել նաեւ, որ աղանդներն են շատացել:

Սովետական միությունում էլ հո աղանդ չկա՞ր: Այդ տարիներին մարդիկ գնում էին ԱՄՆ՝ ասելով, թե իրենց թույլ չէին տալիս Բռամս, Մոցարտ լսել, ես քմծիծաղ եմ տալիս. Կոնսերվատորիայում այդ երիաժշտությունը պարտադիր էր: Նույնն էլ հավատքին է վերաբերվում: Մարդը, որը խորհրդային տարիներին ԱՄՆ է մեկնել՝ ասելով, թե գնում է, որովհետեւ հավատքը Հայաստանում մերժված է, գալիս է Գանձասար, նկարվում, երկրորդ բառը՝ հոս զուգարանը ո՞ւր է: Այնպիսի տպավորություն է, որ գալիս են, դատարկվեն, նկարվեն ու գնան: Սա մեր հավատացյալ ժողովուրդն է: Շատ զգույշ է պետք լինել մարդկանց հետ: Դրա համար էլ շատ դժվար է հոգեւորականի գործը, առավել եւս Արցախում, երբ պապերիդ պապերի պապերն էլ ղարաբաղցի չեն եղել: Այստեղ 15 հոգեւորական կա եւ միայն դու ես ոչ արցախցի:

Տեր Գրիգոր, նույնիսկ Ձեր առոգանությունն է երեւանյան մնացել:

Այո, լեզուս չփոխեցի, ոչինչ չփոխեցի, ես այդպես էլ ղարաբաղցի չդարձա: Շատ լավ ընկերներ ունեմ, հոյակապ մարդիկ են, բայց ես նրանցից մեկը չդարձա: Մտածեցի, որ վերջին հաշվով հայ ենք: Ի դեպ, ղարաբաղյան սինդրոմը Հայաստանում այլ կերպ է ընկալվում, Ղարաբաղում այլ: Ես միշտ Ղարաբաղում կռվածներին ասում եմ՝ դուք ձեր երկրի համար եք կռվել, Հայաստանից եկան, օգնեցին, հպարտանալու բանը դա չէ, դուք ձեր պարտքն եք կատարել: Ուրիշ է, եթե գնայիք, մոնղոլների համար կռվեիք: Բայց այստեղ մենք մեր երկրի, մեր պետականության համար ենք կռվել: Մենք կուրծք ենք ծեծում, Աստծուն փառք տալու տեղը մեզ ենք փառք տալիս: Մենք, մենք, մենք, հետո՞, մինչեւ ե՞րբ:

Պատերազմի տարիներին հավատքն ավելի մե՞ծ էր:

Պատերազմի ժամանակ մարդիկ վստահում էին Աստծուն: Շուշին ազատագրելիս՝ բոլորին կրծքներին խաչ կար, ապավինեցինք խաչին, ազատագրեցինք Շուշին: Երկու օր հետո ով մտնում էր Շուշի, ասում էր՝ ես եմ ազատագրել Շուշին, ես: Աստված վերեւից քմծիծաղ տվեց, Մարտակերտն ու Շահումյանը հանձնեցինք թուրքերին: Մենք անընդհատ դասեր պետք է քաղենք մեր պատմությունից: Տպավորություն է, որ մենք բոլորս նախագահներն ենք: Պատերազմի ժամանակ մի բան էլ էր զարմանալի: Սովետական մտածելակերպով մարդիկ գնում էին պատերազմ եւ հայրենասիրական երգեր կատարում այն դեպքում, որ այդ տարիներին նման երգերն արգելված էին: Սա նշանակում է, որ մարդկանց սրտերում հայրենասիրություն կար: Այսպես էլ հավատքի դեպքում է, մարդկանց ներսում կա: Այսօր դժվար է, վաղն ավելի հեշտ է լինելու, համոզված եմ:

Անընդհատ նշում եք, որ այսօր հավատացողների թիվը նվազել է: Ինչքա՞ն է հոգեւորականի մեղքի բաժինը: Շատերն են ասում, որ հոգեւորականները հեռացել են ժողովրդից:

Իսկ ո՞ւմ է ժողովուրդը վստահում, հավատում: Առաջին հերթին Աստծուն չեն վստահում: Մենք սկսել ենք փառք տալ բոլորին, փասռք էս ինչին, էն ինչին: Երբ Աստծուն կապավինենք, այդ կլանները կմղվեն հետին պլան: Ցանկացած երկրում էլ կան թալանչիներ, բայց եթե ապավինենք Աստխծուն, կմոռանանք մնացածի մասին: Մենք պետք է հպարտանանք, որ հայ ենք, հաղթել են, հաղթած ժողովուրդ ենք:

Տեր հայր, Դուք արդեն 24 տարի ապրում եք Արցախում, Ձեր ընտանիքը, հարազատները՝ Երեւանում: Որեւէ պահ փոշմանե՞լ եք Ձեր ընտրած ուղու համար:

Ես ոչ մի տեղից չեմ եկել, միանգամից այստեղ քահանա եմ դարձել: Չէ, փոշմանելու բան չկա: Եթե մարդու կյանքը չի հաջողվում, ասում է՝ վայ, փոշմանել եմ, բայց իմ կյանքը հաջողվել է: Ամեն օր փորձություններ են լինում, եւ լավ բան է կատարվում, եւ վատ բան: Փոշմանել չի կարելի:

Գանձասար վանական համալիրում հաճա՞խ են մկրտություններ, հարսանիքներ լինում:

Աշնանը եւ ձմռանը քիչ են, սակայն գարնան վերջին եւ ամռանը շատ են ամուսնացողները, մկրտվողները: Օրինակ՝ Լեւոն Հայրապետյանը երբ 700 հոգու ամուսացնում էր, մկրտվողների հոսքը մեծ էր: Այսօր Հայաստանից են գալիս, ուխտ են դրել: Մի բան նշեմ՝ Ղարաբաղում հավատքը վերելք է ապրել:

Տեր հայր, ինչքանո՞վ է հեշտ այսօր քահանայի «աշխատանքը»:

Դեպքեր պատմեմ, Դուք կարծիք կազմեք: Մարդ կա, գիշերը հարբած գալիս է մոմ վառելու, դա հարիր չէ: Բացի դրանից՝ գիշերը գալիս են ու պահանջում են դուռը բացել, որը իրենք մոմ վառեն, բայց ասենք՝ Երեւանում ժամը 7-ից հետո ոչ մի եկեղեցի բաց չես գտնի: Մեկ-մեկ մարդիկ Ղարաբաղում իրենց պահում են այնպես, ինչպես ղարաբաղցիները Երեւանում: Հետո գալիս են մարդիկ, ովքեր կարծես թե հավատացյալ են, քսվում են պատերին, բայց միայն մի նպատակով՝ իրենց անունը գրելու համար պատերին: Կան մարդիկ, ովքեր գալիս են Գանձասար Հայաստանից ու անընդհատ ասում են՝ մենք կբողոքենք: Մեկը եկել էր պատուհանիս տակ կանգնել ու ընկերոջ հետ խոսում էր, ասում է՝ ես Ֆրանսիայում կնքվել եմ, Իտալիայում կնքվել եմ, հիմա էլ Գանձասար կկնքվեմ:

Մտավ մոտս, ես իրեն ասացի, որ չեմ կնքելու, որովհետեւ երկու տեղ արդեն կնքվել ես, ինքն էլ թե ես կբողոքեմ: Չակերտավոր ուխտավորներ են գալիս, ցանկանում են այստեղ գիշերել, ասում եմ՝ տեղ չունեմ, միանգամից փոխվում են՝ էս ի՞նչ բան ա, հնարավոր չի էստեղ մնալ: Ժողովուրդ ջան, գիտեիք՝ ուր եք գալիս, ցուրտ է, հյուրանոց չէ: Մի անգամ եկել, հարցնում են՝ խաշլամա ենք ուզում սարքել, կաթսա կտա՞ք: Կամ գալիս են, հասնում այստեղ, մեքենայից դուրս չի գալիս ու հարցնում է՝ առյուծն ուր ա: Այստեղ հոգեւորականն ի՞նչ անի: Մենք ենք սա:

Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ