News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երեւանի պետական բժշկական համալսարանի երրորդ կուրսի ուսանող, ազգությամբ հնդիկ 23-ամյա Ռաջա Կաննադասանը հոգեկան շեղվածություն է ունեցել, մահվանից մոտ հինգ շաբաթ առաջ տեղափոխվել էր Նորք հոգեբուժական կլինիկա: Այս մասին NEWS.am-ին ասաց ԵՊԲՀ միջազգային գործունեության եւ արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը:

«Մինչեւ այդ վարքի խանգարում չի նկատվել, վատ սովորող ուսանող չի եղել, վատ արարքներով երբեւիցե աչքի չի ընկել, բոլոր քննությունները հանձնել է: Սեպտեմբերի 16-ին տեղափոխվել էր Նորք հոգեբուժական կլինիկա, այնտեղից էլ հոկտեմբերի 21-ին տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, 27-ի առավոտյան մահացել»,- ասաց Երվանդ Սահակյանը:

Պրոռեկտորը հերքեց հնդկական մամուլի այն հրապարակումը, թե ուսանողի ծնողները չեն իմացել, որ իրենց որդին պետք է վճարովի համակարգում սովորի Հայաստանում: Ինչպես նշեց նա՝ մինչեւ ուսանողի Հայաստան գալը  արտասահմանցի ուսանողը եւ նրա ծնողները ծանոթանում են ուսանողի եւ համալսարանի միջեւ կնքվող պայմանագրին, որտեղ մանրամասն ներկայացված են բոլոր պայմանները:

«Պայմանագրի մեջ նշված է, որ ուսման վարձը 4000 ԱՄՆ դոլար է, հանրակացարանի վարձը՝ 500 դոլար է, բժշկական ապահովագրությունը՝ 150 դոլար: Բացառվում է, թե ծնողը տեղյակ չլինի: Բոլոր թղթերը՝ ներառյալ առաջին ուստարվա վճարումների չեկերը, պատրաստ են լինում, դրանից հետո նոր մենք դիմում ենք Կրթության գիտության նախարարություն, որն էլ դիմում է Արտաքին  գործերի նախարարություն, այնուհետեւ ուսանողը ստանում է վիզա»,-ասաց Երվանդ Սահակյանը:

Կաննադասանի ընկերները NEWS.am-ին պատմեցին, որ ուսանողը ֆինանսական խնդիրների պատճառով է հոգեկան շեղվածություն ձեռք բերել: Ուսանողի հայրը բանկի վարկի միջոցով վճարել է որդու առաջին կուրսի ուսման վարձը, սակայն երկրորդ կուրսում ի վիճակի չի եղել, ինչի պատճառով Կաննադասանը ստիպված է եղել ընկերներից պարտքով գումար վերցնել՝ ուսման վարձի համար։ Նա դասերից հետո երեկոները աշխատել է ռեստորնանում, որպեսզի հոգա իր հավելյալ ծախսերը։ 

«Նա երբեք իր ոչ մի խնդրի մասին չէր պատմում իր ընկերներին։ Երրորդ կուրսում նորից դիմել էր հորը, որն ասել էր, որ դիմել է բանկին, սպասում է՝ փողը տան։ Բայց այդպես էլ չէր ուղարկել: Քանի որ ինքն էլ ընկերներից արդեն պարտք էր վերցրել, չէր կարող էլի պարտք անել»,-պատմեց ընկերներից Վիշնուն:

Վիշնունի խոսքով՝ Կաննադասանի մոտ հոգեկան շեղումներ են նկատվել միայն սեպտեմբերի 10-ից հետո, նա ավելի ագրեսիվ է դարձել, սկսել է չճանաչել ընկերներին։

«Սեպտեմբերի 14-ն էր, կանգնել էր աստիճանների մոտ, չէր տեղաշարժվում: Մոտ 3 ժամ իրեն համոզելուց հետո մենք կարողացանք տանել իր սենյակ: Դրանից մեկ ժամ հետո ինքը գնաց խոհանոց, սկսեց բղավել ու իրեր ջարդել, ու մենք իրեն տարանք հիվանդանոց, որտեղից գիշերը հետ բերեցինք: Հաջորդ օրը եկավ համալսարան, նյարդային էր, ռեկտորի մոտ գնացինք, ռեկտորը հարցնում էր՝ ի՞նչն է խնդիրը, ինքը շարունակ, առանց ընդմիջման միայն  ասում էր՝ խնդիր չկա, ուզում եմ սովորել այստեղ: Ու դրանից հետո նրան տարան հոգեբուժական կլինիկա»,-պատմեց նա:

Կաննադասանի ընկերները նրան հաճախ են այցելել հոգեբուժարանում, տղայի վիճակը բարելավվել է ու, ի տարբերություն հոգեբուժարան տեղափոխվելու առաջին  օրերին, նա սկսել է ճանաչել ընկերներին, խոսել նրանց հետ:

«Սկզբում ինքը չէր ճանաչում մեզ, չէր խոսում մեզ հետ, իրեն խմելու հյութեր էինք տանում, ասում էր՝ չեմ ուզում, թույն են դրանք: 10 օր հետո ինքն արդեն լավ էր, խոսում էր մեզ հետ: 24 օր էր անցել, գնացինք , որ իրեն տանենք հիվանդանոցից, բժիշկն ասաց, որ դեռ ամբողջությամբ չի լավացել, մեկ շաբաթ էլ պետք է մնա: Ինքն էլ ասում էր՝ լավ է, ուզում էր գնալ համալսարան»,-ասաց Վիշնուն՝ նշելով, որ նախքան մեկ շաբաթը կավարտվեր, իրենց հիվանդանոցից զանգահարել եւ տեղեկացրել են, որ Կաննադասանն ինչ-որ տաք բան է խմել, նրան տեղափոխել են Նոր Նորքում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։

Կաննադասանին հիվանդանոցում այցելած ընկերները պատմել են, որ տղան դժվարությամբ է շնչել, վստահեցրել է, որ ինքը թեյ է խմել։ Օրեր անց ընկերներն իմացել են, որ նա հիվանդանոցում մահացել է։

Պրոռեկտոր Երվանդ Սահակյանը մեզ տեղեկացրեց, որ համալսարանն այժմ աշխատում է ուսանողի դին իր հայրենիք ուղարկելու ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ, ըստ «Deccan Chronicle»-ի, Հայաստանում հնդիկ ուսանողը ինքնասպանություն է գործել դեպրեսիայի պատճառով: Ըստ պարբերականի՝ ուսանողի հայրը ոստիկանություն բողոք է ներկայացրել Թամիլնադ նահանգի Կրիշնահարի շրջանի Պոչամպալի քաղաքի Հնդկական բանկի պաշտոնատար անձանց դեմ, որոնք հրաժարվել են վարկ տրամադրել իրեն: Պարբերականը գրել էր, թե Կաննադասանի հայրն իրենց պատմել է՝ որդին Հայաստան է ուղեւորվել գործակալության միջոցով, որն անվճար բժշկական կրթություն է գովազդել ընդունելության քննությունները հանձնած ուսանողների համար, սակայն Կաննադասանին ընդունելուց հետո համալսարանը տարեկան 5.000 դոլար ուսման վարձ է պահանջել:

Տպել
Ամենաշատ