News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի լողավազանի վերանորոգումը կավարտվի մինչեւ հաջորդ տարվա մարտը, որից հետո կսկսվեն սպորտային համալիրի մյուս մարզադահլիճների վերանորոգումները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

Լուրերը, թե լողավազանի վերանորոգումից հետո այն վճարովի է լինելու ուսանողների համար, ռեկտորի խոսքով՝ չեն համապատասխանում իրականությանը:

«Նախկինում համալսարանի սպորտային համալիրը պատկանում էր «Պոլիտեխնիկ» մարզական ակումբին, որը համալսարանի հետ որեւէ կապ չուներ, պարզապես տարածքը վարձակալել էր: Երբ ես եկա ռեկտոր, լուծարեցի այդ ընկերության հետ պայմանագիրը, որ համալիրն ամբողջությամբ պատկանի ուսանողներին եւ դասախոսներին: Սկզբում որոշել էինք կոսմետիկ վերանորոգում անել, այն պետք է ավարտվեր մինչեւ այս տարվա դեկտեմբեր: Սակայն պարզվեց, որ ամեն ինչ այստեղ պետք է փոխել, վտանգավոր է, առաստաղը մի օր կարող է պոկվել, խողովակների մասին էլ չխոսեմ: Այդ պատճառով լողավազանի բացման ժամկետը երկարացվեց: Ինձ թվում է, հաջորդ կիսամյակի կեսերին այն արդեն հասանելի կլինի ուսանողներին եւ դասախոսական կազմի համար: Ի դեպ, նրանց համար այն անվճար է լինելու, իսկ դրսից եկողների համար՝ վճարովի»,- ասաց ռեկտորը:

Համալսարանի մարմնակրթության եւ սպորտի ամբիոնի վարիչ Արարատ Ղոչիկյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին տարիներին վտանգավոր էր դարձել լողավազանում պարապմունքներն անցկացնելը:

«Առաստաղից քարեր էին պոկվում, ընկնում, պատկերացրեք՝ մի երեխայի գլխին ընկներ: Դեռ մարտին էր որոշվել փակել այն եւ սկսել վերանորոգման աշխատանքները: Սակայն ես խնդրեցի, որ սպասեն մինչեւ կիսամյակի ավարտը: Մայիսի 16-ից շինարարությունը սկսվել է: Դրանից հետո էլ ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի դահլիճները պետք է վերանորոգենք: Ահռելի աշխատանք կա կատարելու, որ սպորտային համալիրը դարձնենք միջազգային չափանիշներին համապատասխան»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղոչիկյանը:

Նրա խոսքով՝ Պոլիտեխնիկում սպորտային համալիր ունենալը պարզապես անհրաժեշտություն է, որովհետեւ ուսանողների մեծ մասը սպորտով է զբաղվում. «Ապացույցն էլ մեր գրանցած հաջողություններն են Հայաստանի ուսանողական մարզական խաղերին: Մի քանի մարզաձեւերում նույնիսկ առաջին տեղն ենք գրավել: Մի բան հստակ է, որ Ֆիզկուլտուրայի ինստիտուտից հետո մենք երկրորդ կամ երրորդն ենք՝ մեր գրանցած հաջողություններով: Համալիրի վերանորոգումից հետո պատրաստվում ենք համագործակցել նաեւ սպորտի նախարարության հետ, այստեղ տարբեր պարապմունքներ անցկացնել»:

Նշենք, որ միայն լողավազանի վերանորոգման համար անհրաժեշտ է 150 հազար դոլար:

Տպել
Ամենաշատ