News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Շիրակ կենտրոնը» Գյումրիում երկրաշարժից անօթեւան ընտանիքներին բնակարաններով ապահովելու ընթացքի մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հերթական հրապարակային հարցումն է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ քաղշիննախարար Նարեկ Սարգսյանին: Հարցման տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարգելի պարոն վարչապետ եւ պարոն նախարար

Ինչպես գիտենք, աղետի գոտում եւ մասնավորապես Գյումրիում 2012 թվականից ընդհատված բնակարանաշինությունը շարունակելու եւ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից դեռ 2012-2013 թթ. բնակարանային փոխհատուցման շահառու ճանաչված գյումրեցի 432 անօթեւան ընտանիքներին բնակարաններ հատկացնելու փոխարեն ՀՀ կառավարության 2014 թ. հոկտեմբերին կայացրած որոշման համաձայն, նրանց տրամադրվելու են բնակարանների գնման վկայագրեր: Սակայն մինչեւ օրս ԲԳՎ-ների տրամադրման գործընթացը չի սկսվել: Այդ փաստով մտահոգված բազմաթիվ քաղաքացիներ պարբերաբար դիմում են «Շիրակ կենտրոնին»:

Այդ իսկ պատճառով սույն հրապարակային հարցմամբ դիմում ենք Ձեզ՝ ներքոշարադրյալ հարցերի պատասխանների ակնկալիքով.

1. Ե՞րբ է սկսվելու բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը շահառուներին:

2. Որքա՞ն գումար է նախատեսված տրամադրել շահառուներին 1 քառ. մետր բնակմակերեսի համար:

3. Քանի՞ քառակուսի մետր են կազմելու 1, 2, 3 եւ 4-սենյականոց բնակարանների մակերեսները եւ որքա՞ն է վճարվելու դրանցից յուրաքանչյուրը ձեռք բերելու համար:  

4. Ինչպիսի ՞ հաջորդականությամբ եւ ի՞նչ առաջնահերթությամբ են տրամադրվելու բնակարանների գնման վկայագրերը:

5. Քանի ՞ ԲԳՎ-ներ ու ե՞րբ է նախատեսված տրամադրել այս տարի եւ հաջորդ՝ 2015 թվականին:

Հարգելի պարոն վարչապետ եւ պարոն նախարար

Համոզված ենք՝ Դուք նաեւ քաջատեղյակ եք, որ դեռ 2012 թ.-ին Գյումրիի Մուշ-2 եւ Անի թաղամասերում շահագործված բնակարանների սեփականաշնորհման գործընթացը  վերսկսված չէ: Իսկ շահառուների մեծ մասը ԲԳՎ-ներով բնակարաններ գնել կարող են հիմնականում այդ նորակառույց թաղամասերից:

Ուստի խիստ անհրաժեշտություն է, որ ԲԳՎ-ների բաշխման գործընթացից առաջ իրականացվի այդ թաղամասերի բնակարանների սեփականաշնորհում:

Խնդրում ենք նաեւ տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե 

ա/ վերոհիշյալ թաղամասերի բնակարան ստացած բնակիչներին ե՞րբ է հնարավորություն տրվելու սեփականաշնորհել դրանք.

բ/ քանի՞ ազատ բնակարաններ կան այդ թաղամասերում, որոնք ենթակա են երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներին տրամադրելու.

գ/ եթե կան ազատ բնակարաններ, ապա ե՞րբ եւ ի՞նչ սկզբունքով եք նախատեսում դրանց բաշխումը»:

Տպել
Ամենաշատ