News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) դեռ անցած տարվա ամռանն էր ահազանգել պետական եւ իրավապահ մարմիններին այն մասին, որ «ԱՏ-Մետալս» ընկերությունը, չունենալով ՀՀ օրենքներով պահանջվող համապատասխան թույլտվությունները, Սյունիքի մարզի Տաշտուն համայնքում սկսել է հանքաքարի վերամշակման գործարանի կառուցումը: Չնայած բնապահպանության եւ քաղաքաշինության նախարարությունները պաշտոնապես հաստատեցին այդ անօրինականության փաստը՝ շինարարությունը շարունակվեց, իսկ իրավապահ մարմիններն էլաչք փակեցին մեր հետագա դիմումների վրա:

Ահս առնչությամբ ՀԲՃ-ի հայտարարությունում նաեւ ասվում է.

«Հիմա էլ այդ նույն օրինախախտ ընկերությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացրել Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրն ու ամեն կերպ փորձում է իրականություն դարձնել այն: Նրանց այդ մեծ ցանկությունը հասկանալի է. չէ՞ որ հերթական անգամ հնարավորություն է ստեղծվում մեր ընդերքի պաշարների թալանն իրագործելու եւ վնասակար թափոնները մեզ նվեր թողնելու համար:

Շատ զարմանալի է բնապահպանության նախարարության իրական պահվածքն այս ամբողջ գործընթացում՝ հատկապես նորանշանակ նախարարի դրական հայտարարությունների համատեքստում: Հերիք չէ բնապահպանության նախարարությունում աչք փակեցին նախորդ ակնհայտ խախտումների վրա, հիմա էլ փորձաքննության գործընթացն անցկացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի խախտումով: Այդ օրենքի 6-րդ եւ 8-րդ հոդվածների պահանջների համաձայն, մինչեւ մասնագիտական լսումներն իրականացնելը ազդակիր համայնքներում պետք է կազմակերպված եւ անցկացված լինեին թվով 2 հասարակական լսումներ։ Սակայն այս անգամ եւս, ինչպես նախկինում գրանցված բազմաթիվ այլ դեպքերում, անցկացվել էր այդ լսումներից ընդամենը մեկը, ինչը օրենքի կոպիտ խախտում է։ Չնայած նրան, որ մենք հստակ պահանջեցինք չխախտել օրենքն ու դադարացնելայս լսումները, բնապահպանության նախարարության փորձագետը որոշեց ամեն դեպքում անցկացնել դրանք։

Բացի այդ, այս անօրինական լսումների ընթացքում նախարարության ներկայացուցիչ Արամ Աղասյանը դիմում է մանիպուլացիաների՝ ասելով, թե Արեւիկ ազգային պարկի սահմանները ճշտված չեն, եւ ինքը կուզենար, որ Մեղրասարի հանքավայրի տարածքը հետագայում չընդգրկվեր դրա մեջ։

Հիշեցնենք, որ դեռեւս կառավարության 2009թ.-ի հոկտեմբերի 15-ի որոշման 7-րդ կետի 3-րդ մասի պահանջների համաձայն, բնապահպանության նախարարության վրա պարտավորություն էր դրված 2010թ.-ի ընթացքում ապահովել Արեւիկ ազգային պարկի տարածքի քարտեզագրումը, գոտեւորման սխեմայի կազմումը, ազգային պարկի ու դրա պահպանման գոտու սահմանների ճշտումը, եւ դրանք պետք է հաստատեր ՀՀ կառավարությունը։ Եթե նախարարությունն ու կառավարությունը բարի չեն եղել կատարելու իրենց իսկ ընդունած որոշումները, ուրեմն առավել եւս Մեղրասարի հանքավայրի նախագծին ոչ ոք իրավունք չունի տալ դրական եզրակացություն։

Ամեն դեպքում, մեր ձեռքի տակ առկա կոորդինատների եւ Արեւիկ ազգային պարկի կանոնադրության համաձայն՝ Մեղրասարի հանքավայրը գտնվում է ազգային պարկի եւ նրա պահպանման գոտու տարածքում։

Փաստացի, մի կողմից KFW գերմանական զարգացման բանկը 8.2 միլիոն եվրո է տրամադրել այդ տարածքում «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ստեղծման համար, մյուս կողմից այդ նույն տարածքներում փորձ է արվում շարունակել ընդերքի շահագործումը:

Մնում է միայն պարզել, թե ինչու են պետական մարմինները կրծքով պաշտպանում ռուսական ծագում ունեցող «ԱՏ-Մետալս» ընկերությանը, աչք փակում բոլոր օրինախախտումների վրա՝ վտանգի ենթարկելով Արեւիկ ազգային պարկն ու Մեղրի գետի ավազանը:

Մանրամասները տեսանյութում

 

Տպել
Ամենաշատ