News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի գործով այսօր՝ հոկտեմբերի 31-ին, շարունակված դատական նիստի ընթացքում դատավոր Անատոլի Թադեւոսյանը հրապարակել է նախաքննության ընթացքում ամբաստանյալ Դիլհամ Ասկերովի տված ցուցմունքները:

«Արցախպրեսի» հաղորդմամբ՝ ըստ այդ ցուցմունքների, Ասկերովը հայտնել էր, թե ԼՂՀ սահմանը հատել են ոչ թե 3, այլ 4 հոգանոց խմբով, իսկ Սմբատ Ցականյանին սպանել եւ Շահումյանի շրջանում մի շարք գողություններ է կատարել ոմն Դիման, այնուհետեւ նա հավելել է, որ Դիմա անվան տակ հանդես է եկել Գուլիեւը։ Դատաքննության ժամանակ տված ցուցմունքներում Ասկերովը շարունակ պնդում է, որ իրենք սահմանը խախտել են 3 հոգով, իսկ հիշյալ ոմն Դիման իրենց ուղեկցել է մինչեւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագիծը, սակայն սահմանը չի անցել։

Նախաքննության եւ դատաքննության ընթացքում իր տված ցուցմունքների հակասությունը Ասկերովը բացատրել է սկզբնական այն վատ ինքնազգացողությամբ, որն ունեցել է նախաքննության ժամանակ։ Չնայած վատ ինքնազգացողությանը՝ հաջորդ ցուցմունքներում էլ Ասկերովը տրամաբանորեն շարունակել է պատանու սպանությունը կապել մե՛րթ Շ. Գուլիեւի, մե՛րթ Հ. Հասանովի հետ, սակայն դատաքննության ժամանակ պնդում է, որ պատանուն սպանել է սպանված Հասանովը։

Հակասական են նաեւ նախաքննության եւ դատաքննության ընթացքում Ասկերովի տված ցուցմունքները իրենց փնտարծ ոսկու վերաբերյալ։ Համաձայն նախաքննությանը տված նրա ցուցմունքի՝ նա մանրամասնորեն նկարագրել է իրենց խմբի կողմից որոնվող ոսկու տեղը, իսկ դատաքննության ժամանակ ասաց, որ այդ ոսկու տեղը միայն Հասանովն է իմացել։

Անդրադառնալով տեսանկարահանումներին, որոնք խումբը պետք է կատարեր հավանական ոսկու գտնվելու վայրում, Ասկերովը նշեց, թե իբր չեն տեսանկարահանել, որովհետեւ այնտեղ, տեխնիկայով կատարված աշխատանքների հետեւանքով ամեն ինչ ձեւափոխված է եղել։ Սակայն, դրանից հետո էլ մինչեւ Քարվաճառ հասնելն Ասկերովը շարունակել է Հասանովի տեսախցիկով նկարահանել ճանապարհին գտնվող օբյեկտները։ Ասկերովը նշեց նաեւ, որ ինքը նախորդ սահմանախախտումների ժամանակ էլ է նման տեսանկարահանումներ կատարել, որոնք վաճառել է որոշակի պատվիրատուների։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ոստիկանությունը տարածել էր, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը  եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:  Տվյալ անձինք հատուկ առաջադրանքոց տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ