News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմադիր զեղումներից հետո ԲՀԿ-ական քաղաքապետերից ոմանք եւ մի շարք համայնքապետեր պատրաստվում են վերանայել իրենց կուսակցական պատկանելությունը՝ ավելորդ խնդիրներից խուսափելու համար: Նրանց մի մասը, ովքեր բնույթով ընդդիմադիր չեն եւ չեն էլ կարող լինել, ստիպված են կուսակցության լիդերների պարտադրանքով ներկա լինել հանրահավաքներին, ավելին՝ իրենց հետ կոնկրետ թվով մարդ բերել, ինչը լրացուցիչ անհարմարություններ է ստեղծում: Տարբեր պատճառաբանություններով հրաժարվել եւս չի ստացվում: Վերջիվերջո, «բերման են ենթարկվում» եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի օրինակով կանգնեցվում առաջին շարքերում՝ երեւալու համար, որ նրանք եւս ներկա են:

«Ժամանակը» փորձեց ԲՀԿ-ական մյուս քաղաքապետերից պարզել՝ մասնակցո՞ւմ են հանրահավաքներին, եւ արդեն իսկ հաջողվո՞ւմ է իրենց՝ որպես ընդդիմադիր ղեկավարել իրենց համայնքը: Եղեգնաձորի ԲՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանրահավաքներին մասնակցում է, բայց չի կիսում կուսակցության տեսակետը: «Հա մասնակցել եմ միտինգներին, բայց ոչ մի բան չեմ կիսում»,- ասաց նա: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ստիպողաբա՞ր է մասնակցել հանրահավաքներին ու հնարավո՞ր է՝ կուսակցությունը լքի նույն տեսակետը չունենալու պատճառով, ԲՀԿ-ական քաղաքապետը, պատճառաբանելով, թե «թաղման տեղում է», հարմար չէ խոսելը, անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական սկանդալային պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, եւս վերջերս հայտարարել էր, որ «իրենից ընդդիմադիր դուրս չի գա, եւ որ ինքը միտինգի մասնակցող չի, քանի որ նախորդ ընտրություններին ամենաշատ ձայնը Սերժ Սարգսյանի համար հենց ինքն է ապահովել»:
Գեղարքունիքի մարզի Մաքենիսի ԲՀԿ-ական համայնքապետ Հարություն Մանուկյանը նույնպես մեզ հետ զրույցում չընդունեց, թե ինքը ընդդիմադիր է:
Միայն Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը մեզ հետ զրույցում, հակառակ վերը թվարկված կուսակիցների, վստահաբար հայտարարեց, թե կիսում է կուսակցության կարծիքը, մեծ թիմով եւ մեծ ոգեւորությամբ ու ակտիվությամբ մասնակցում է հանրահավաքներին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ