News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հանրակրթական դպրոցներում «Պատանի երկրապահ» ակումբների ձեւավորման եւ հայրենասիրական դաստիարակության ուղղված միջոցառումների անցկացման գաղափարը պատկանում է սպարապետ Վազգեն Սարգսյանին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԵԿՄ գրասենյակում  «Պատանի երկրապահ» ակումբների ձեւավորման եւ հայրենասիրական դաստիարակության ուղղված միջոցառումների ուղեցույցի շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:

«Սպարապետը ԵԿՄ երրորդ համագումարի ժամանակ իր ելույթում ասեց, որ մեր երեխան դեռ դպրոցից պետք է իմանա՝ ինքը ով է, որտեղից է գալիս եւ ուր է գնում, եւ այսօր պաշտպանության եւ կրթության նախարարությունների հետ իրականացնում ենք սպարապետի գաղափարախոսությունը»,-ասաց նա:

Միջոցառմանը մասնակցում էին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նաեւ հոգեւոր  հայրեր: Ձեռնարկի շնորհանդեսն սկսվեց Տերունական աղոթքով եւ սկսած գործի օրհնությամբ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ միջոցառումը կարեւոր է, քանի որ ապագա սերունդը պետք է հայրենասիրական ոգով կրթվի, իմանա իր նախնիների գործը:

«Ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը սպառնալիք է մեր երկրի համար եւ դրա համար մշակվում է ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգ: Կարծում եմ, որ մեր մանկավարժները պետք է հասկանան, որ սա մինիմումն է, եւ նրանք պետք է ավելին անեն այս ուղղությամբ»,-ասաց նախարարը:

Նախարար Արմեն Աշոտյանն էլ նշեց, որ արդեն համակարգված գործողություններ են իրականացվում դպրոցներում «Պատանի երկրապահ» ակումբների ձեւավորման ուղղությամբ  եւ շոշափելի արդյունքներ են գրանցվել:

«Հերթական անգամ այս եռյակով հավաքվել ենք՝ ձեզ ներկայացնելու մեր կատարած աշխատանքները, որոնք կատարվում են դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակությունը ապահովելու համար: Հավաստիացնում եմ ձեզ, որ կրթության եւ գիտության նախարարությունը իրականացնելու է ազգային կրթական ծրագիր իր գործընկերների օգնությամբ, որի նպատակն է ձեւավորել իրական քաղաքացի, իրական հայ մարդ»,-ասաց նա:

Նշենք, որ «Պատանի երկրապահ» ակումբները սկսելու են գործել 2014-2015թթ. ուսումնական տարվանից։

Տպել
Ամենաշատ