«Մալաթիա» բժշկական կենտրոնում առանց ձեռքերի եւ ոտնաթաթի ծնված բալիկը այժմ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեխայի առողջական վիճակը նորմալ է, պարզապես 3 տարեկանից հետո պետք է պրոթեզավորում կատարվի: Տնօրենից տեղեկացանք, որ ծնողները ցանկանում են հրաժարել բալիկից, եւ երբ համապատասխան իրավական փաստաթղթերը կլինեն, հիվանդանոցից նրան կտեղափոխեն մանկատուն:
Ի դեպ, երեկվանից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քննարկումներ էին ընթանում բալիկի ճակատագրի շուրջ, կային մարդիկ, ովքեր պատրաստ են նրան հագուստ, կեր տանել: Նիկոլայ Դալլաքյանն ասաց, որ որեւէ խնդիր չկա, նրանք կարող են իրենց օգնությունը տանել հիվանդանոց, որը կտրամադրվի բալիկին:
Հիշեցնենք, որ Երեւանի «Մալաթիա» բժշկական կենտրոնում կեսարյան հատումով լույս աշխարհ է եկել նորածին՝ առանց ձեռքերի եւ մեկ ոտքի թաթի: Այդ մասին երեխայի ծնողները ողջ հղիության ընթացքում չեն իմացել, չնայած այն հանգամանքին, որ նույն բժշկական կենտրոնում հղին հինգից ավելի ուլտարձայնային հետազոտության է ենթարկվել: Ասում են՝ «ԷԽՕ»-ի բժիշկն ազատվել է աշխատանքից եւ ընդհատակ անցել:


























