Մենք հույս ունենք, որ «Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքի» օգնությամբ մարդկանց կապերը ժամանակի ընթացքում կբարելավեն հայ-թուրքական երկկողմանի հարաբերությունները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ ու լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ անդրադառնալով այն հարցին, թե կնպաստի արդյոք «Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքի» միջտարածաշրջանային երթուղին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
«Իհարկե, պատճառը, թե ինչու ենք մենք համագործակցում նման նախագծերի հետ, կայանում է նրանում, որ մենք հավատում ենք. Ժամանակի ընթացքում մարդկանց միջեւ հարաբերությունների կարգավորումը կնպաստի Կառավարությունների եւ երկրների միջեւ հարաբերությունների բարելավմանը»,- ընդգծել է դեսպանը: Ջոն Հեֆերնի խոսքով՝ չկա որեւէ խոստում, չկա որեւէ պայման: «Սակայն գաղափարը կայանում է նրանում, որ մարդկային հարաբերությունները ժամանակի ընթացքում նպաստում են երկրների միջեւ երկկողմանի հարաբերությունների բարելավմանը»,- նշել է ամերիկացի դեսպանը:
«Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքը» 3000 կմ երկարությամբ երթուղի է, որը սկսվում է հունական Սալոնիկ քաղաքից եւ ավարտվում է Մեղրիում (Հայաստան): Միջանցքը ներառում է ավելի քան 150 տեսարժան վայր: «Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքը» հովանավորվում է Սեւծովյան ավազանի երկրների համատեղ գործունեության 2007-2013թթ. ԵՄ ծրագրի շրջանակներում, համահովանավորներ են ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը(USAID) եւ Եվրոպական միության հարցերով Թուրքիայի նախարարությունը: