News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2015 թվականը համատիրությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման առումով բեկումնային պետք է  լինի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, Դավթաշեն, Ավան, Արաբկիր, Աջափնյակ, Շենգավիթ եւ Էրեբունի վարչական շրջանների համատիրությունների նախագահների եւ կառավարիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են նշված վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության եւ վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը նախ նշել է, որ թեեւ համատիրությունների գործունեությանն առնչվող օրենսդրությունը եւ ըստ այդմ սահմանվող լիազորություններն ու պարտականությունները լիովին բավարար են, այդուհանդերձ համատիրությունների գործունեության մեջ առկա են մի շարք բացթողումներ:

Քաղաքապետի առաջին տեղակալի խոսքով՝ մայրաքաղաքում քիչ չեն կայացած ու քաղաքային իշխանություններին իրապես աջակցող, ինչպես նաեւ բնակչի հոգսը թեթեւացնող համատիրություններ, սակայն, դրան զուգահեռ, գրեթե անգործության մատնված կամ խորապես թերացող համատիրություններն էլ քիչ չեն: Երեւանն ընդօրինակելի քաղաք է տեղական ինքնակառավարման բնագավառում ունեցած նվաճումների առումով, սակայն կաղում է առաջնային օղակում, տեղերում բազմաբնակարանների կառավարումը նպատակային  իրականացնելու տեսակետից:

Կամո Արեյանը հատկանշել է, որ հաջորդ տարվանից  մշտադիտարկումների միջոցով համատիրությունների գործունեությունը խստագույն վերահսկողության է ենթարկվելու, կամայական մոտեցումները եւ առավել եւս ամենաթողությունն այս բնագավառում պատժվելու են  օրենքի ողջ խստությամբ:

Արեյանի խոսքով՝ իրենց գլխավոր նպատակը համատիրությունների ինստիտուտի լիարժեք կայացումն է: Փոխանցելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքը՝ քաղաքապետի առաջին տեղակալը շեշտել է, որ համատիրությունների աջակցման ծրագրով Երեւանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերն այսուհետ եւս համատիրություններին տրամադրելու են   մեթոդական, տեխնիկական եւ նյութական աջակցություն, սակայն դա չի նշանակում, որ տեղերում այդ կառույցները պետք է անգործության մատնվեն եւ հայցեն միայն քաղաքային իշխանությունների աջակցությունը: Կամո Արեյանը հիշեցրել է, որ սեփական գործառույթները պատշաճ կատարելու առումով համատիրությունները բնակիչների առջեւ պարտավորություն ունեն: Անդրադառնալով ձմռան նախապատրաստական եւ ձմռան ամիսներին   նախատեսվող աշխատանքներին՝ Կամո Արեյանն ընդգծել է, որ համատիրություններն օրենքով ամրագրված պարտավորություններ ունեն եւ պատասխանատվություն են կրելու բակերի, միջբակային տարածքների, շենքերի տանիքների, շքամուտքերի մաքրման, հարկաբաժինների ապակեպատման, ջրամատակարարման համակարգերի ջերմամեկուսացման եւ այլ ենթակառուցվածքների անխափան գործունեությունն ապահովելու համար: Պետք է բացառվեն նախորդ տարի որոշ շենքերում արձանագրված խողովակաշարերի սառեցման դեպքերը: Հանձնարարվել է կազմել միջոցառումների ցանկ, աշխատանքային ծրագիր, մեկ առ մեկ շրջել բոլոր շենքերում, տեղերում ծանոթանալ իրավիճակին ու անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկել: Բոլոր գործառույթներում հաջողության հասնելու գաղտնիքը բնակիչների հետ համագործակցված աշխատելն ու նրանց այդ գործառույթներին ներգրավելն է, ինչի արդյունքում հենց բնակիչը կսահմանի հսկողություն`արվածը պահելու ու պահպանելու նկատմամբ, ինչպես նաեւ նախաձեռնողականություն հանդես կբերի:  Հաջորդ ուղղությունը, որին անդրադարձել է քաղաքապետի առաջին տեղակալը, կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետությունները սահմանված ժամկետում բնակչությանը ներկայացնելն է: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է վերահսկել պարտադիր նորմերի կատարման պահանջները, հետեւել եւ վերահսկել ծախսերի նախահաշվարկին ու սեփական բյուջեների կատարմանը, ստուգել դրանց արժանահավատությունը, քննարկել հաշվետվություններն ու գնահատական տալ: Խորհրդակցության ավարտին Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը համատիրությունների նախագահներին հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ ու դիտողություններ`օրենսդրական բարեփոխումներ նախաձեռնելու նպատակով: Նմանատիպ խորհրդակցություններ կկայանան նաեւ մյուս վարչական շրջանների համատիրությունների նախագահների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ