News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Դերսիմի կոտորածի թեման կրկին շրջանառության մեջ դնելուց հետո մամուլում հայտնվել են դեռեւս Դերսիմի կոտորածների ժամանակ թուրքական թերթերում Դերսիմի ապստամբության առաջնորդ Սեյիթ Ռըզայի ազգային ծագման մասին  հրապարակված հակասակական տեղեկությունները։

Թուրքական Ohaber կայքի փոխանցմամբ՝ Դերսիմի կոտորածների ժամանակ թուրքական մամուլում գերիշխում էր այն տեսակետը, թե Դերսիմի ապստամբության հետեւում հայերն են կանգնած, իսկ ապստամբության առաջնորդ եւ խորհրդանիշ Սեյիթ Ռըզան հայ է։

Թուրքիայում ցանկացած անհանսկանալի իրադարձության ժամանակ միանգամից հայերին հիշող թուրքական պարբերականներից Cumhuriyet-ի 1937-ի հունիսի 28-ի համարում նշվում է, թե իբր Դերսիմի ապստամբությունը հրահրելու մեղադրանքով Խորեն անունով հայ է ձերբակալվել։

Բացի այդ, այդ օրերին թուրքական մամուլում մեծ թիվ են կազմել հրապարակումներում Սեյիթ Ռըզային հայ ներկայացնողները։  1937-ի նոյեմբերի 8-ի Haber gazetesi պարբերականում նշվել է, թե Սեյիթ Ռըզան քրիստոնյա է եւ նրա վրանում խաչ է հայտնաբերվել։

Այլ թերթեր ավելի առաջ էին գնացել՝ պնդելով, թե բացի խաչից, հայտնաբերվել է նաեւ հայերենով գիրք, հայերեն գրություններով խաչեր եւ Քրիստոսի մասունքներից։

Նշենք, որ Սեյիթ Ռըզան ծնվել է Դերսիմի գյուղերից մեկում, հանդիսացել է ալեւի-զազա ցեղերից մեկի առաջնորդը, գլխավորել թուրքական պետության դեմ ապստամբությունները։ 1937 թվականի սեպտեմբերի 5-ից 13-ը  Էլազըղում ռազմական դատարանի կողմից իրականացրած դատավարության վերջում դատապարտվել է մահապատժի, որն ի կատար է ածվել 1937-ի նոյեմբերի 15-ին։

Հիշեցնենք, որ Դերսիմի ապստամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։

1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, եւ Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ