News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի հասարակությունը հերթական անգամ զայրանում է միջազգային հանրության «հավասարակշիռ» պահվածքի վրա, որ դրսեւորվում է հայկական ուղղաթիռի հետ կատարված ողբերգական եւ հանցավոր միջադեպի կապակցությամբ:

Հայաստանյան հասարակությանը վրդովվեցնում է այն, որ միջազգային հանրությունը չի նախատում Ադրբեջանին կամ չի ռմբակոծում Ադրբեջանը, կամ պատժամիջոցներ չի կիրառում, կամ չի հայհոյում Ալիեւին: Իհարկե, անրադարացի է, որ Ալիեւն իրեն  պահում է նման  սանձարձակ ձեւով, նման հանդուգն ձեւով խախտում է հրադադարը, իսկ միջազգային հանրությունը հավասարակշռություն է պահում: Սակայն արդյո՞ք այս ամենը  «անարդար» եւ «զուլում»  աշխարհի մասին դարերով կամ տասնամյակներով պտտվող սկավառակը հերթական անգամ պտտելու առիթ եւ հիմք է, եւ ընդհանրապես, ինչքանո՞վ է արդյունավետ նման պահվածքը, նման մոտեցումն ապագայի տեսանկյունից:

Այն, որ աշխարհում փլավ չեն բաժանում եւ ազգերի, ժողովուրդների դաժան մրցակցություն է, որում առանցքային գործիքներից մեկը պետություններն են՝ ճանաչված ու չճանաչված, պետք է որ գաղտնիք չլինի ցանկացած բանական, հասուն եւ քաղաքականությամբ հետաքրքրվող մարդու համար: Այդ կոշտ անզիջում եւ անընդհատ մրցակցությունն է աշխարհում կարգեր սահմանել ու տապալել, գծել սահմաններ, ջնջել ու գծել նորերը: Մարդկությունն այդ մրցակցությանը տվել ու տալիս է ռեսուրսներ ու կյանքեր, միաժամանակ մարդկության մի մասը այդ մրցակցությունը վերածում է ստեղծագործական էներգիայի եւ հաղթանակներ ու ձեռքբերումներ ամրագրում, անվտանգության մեխանիզմներ մշակում։

Որտե՞ղ ենք մենք՝ համաշխարհային մրցակցության կորուստները հարստացնողների՞, թե՞ ձեռքբերումներից հարստացողների, մրցակցության էներգիայից հարստացողների շարքում: 1988-ից հետո թվում էր, որ մենք երկրորդ շարքերում ենք, այսինքն՝ համաշխարհային մրցակցությունից հարստացողների, ում համար մրցակցությունը առաջին հերթին ինքն իրեն գերազանցելու, ինքն իր նկատմամբ անընդհատ հաղթանակի մի շարժում էր, որն անխուսաելիորեն բերում է հաղթանակներ ու այլ ձեռքբերումներ: Այդպես մենք դարձանք Արցախի հաղթանակի տեր, այդպես մենք դարձանք պետականության հնարավորության տեր, մենք ստացանք անկախության հնարավորություն, ազգերի համաշխարհային ընտանիքում պատվավոր տերի ու դերի հնարավորություն, այսպես  ասած՝ «բարձրագույն խմբում» խաղալու հնարավորություն:

Սակայն արդեն հաջորդ իսկ «մրցաշրջանում» մենք հայտնվեցինք աութսայդերի դերում։ Մենք սկսեցինք ոտնատակ տալ մեր իսկ ձեռքբերումներն ու հաղթանակները, մենք սկսեցինք հանգստանալ մեր իսկ հաղթանակների դափնիների վրա՝ մեր մարմնի ծանրությամբ տրորելով դրանք։ Մինչեւ որ հասանք «բարձրագույն խմբից» դուրս մնալու» վերջին կետին։ Այսօր այդ կետում մենք  փորձում ենք աշխարհից նեղանալ կամ զայրանալ աշխարհի վրա, վրդովվել, որ մեզ հասցրել են մինչեւ դուռը եւ չեն կարկամում դռնից դուրս թողնել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ