Մենք իհարկե, դատապարտում ենք Ադրբեջանի պետական տեռորը, որը խոցեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղաթիռը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այս քայլը պետք է դատապարտվի ոչ միայն հայերի, այլ նաեւ ողջ մարդկության կողմից: «Սա Ադրբեջանի քաղաքականության ու նպատակների որակի ցուցանիշ է: Բաքուն պետք է դատապարտվի իր հերթական անմարդկային քայլի համար», - ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: