News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատական նիստին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Արթուր Սարգսյանին:

Ավելի վաղ դատախազը առարկել էր քրեական գործում առկա եւ պաշտպանի կողմից դատարանին տրամադրված արձանագրություններով դատաձեռագրաբանական եւ դատափաստաբանական համալիր փորձաքննություն նշանակելու Բալոյանի միջնորդությանը՝ պատճառաբանելով, որ դա դատաքննությանը ոչինչ չի տա:

Բալոյանը բացարկի միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ դատախազը կողմնակալ է:

«Դատախազը պետք է աշխատի քրեական գործում բացերը լրացնելու ուղությամբ, տուժող կողմը գտնում է, որ դեպքի օրը ամբաստանյալի սթափ լինելու հանգամանքը պարզելու համար նախաքննության ժամանակ բոլոր անհրաժեշտ միջոցները չեն ձեռնարկվել: Վերահսկող դատախազը միջոցներ չի ձեռնարկել գործի լրիվությունը ապահովելու համար: Այսօր էլ  առարկում է բացերը լրացնելու, թերությունները վերացնելու, ուղղելու քայլերի դեմ: Նրա անկողմնակալության վերաբերյալ ողջամիտ կասկածներ կան, ուստի նա այլեւս չի կարող մասնակցել այս դատավարությանը»,-ասաց Ռուբեն Բալոյանը՝ ներկայացնելով իր միջնորդությունը:

Դատախազն առարկեց  միջնորդությանը՝ նշելով, որ ինքն արդար է։

 «Միջնորդությունը հիմնականում իբրեւ թե իմ կողմից թույլ տված բացթողումներին էր վերաբերվում, բայց դատարանին է ներկայացվում նախաքննությունից 7 ամիս անց»,-ասաց նա՝ նշելով, որ միջնորդություն պետք է մերժվի:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ասաց, որ չի հավատում մեղադրողի խոսքերին. «Ինձ մոտ տպավորություն է, որ այս ամենը պլանավորած սցենար է»:

Ըստ փաստաբանի՝ Բալոյանը  միջնորդությունները ներկայացրել է սցենարով, որպես հակակշիռ՝ իր նախորդ միջնորդության մերժմանը:

Հիշեցնենք, որ դատավորը մերժել էր Բաղդասարյանի այն միջնորդությունը, որով փաստաբանը պահանջել էր ձեռագրաբանական փորձաքննություն անցկացնել՝ պարզելու՝ արդյոք դեպքի վայրի զննության արձանագրության տակ դրված՝ ընթերակաների ստորագրությունները կեղծված են, թե ոչ:

«Ըմբռնել են, որ հնարավոր է՝ կարծիք ձեւավորվի, որ ֆրանսիացի փորձագետը այդ ստորագրությունները կեղծելու վերաբերյալ կասկած է հայտնել, իսկ դատարանները փորձում են կոծկել ու որոշել են՝ թող Բալոյանը դատարան միջնորդություն ներկայացնի, ես կառարկեմ»,-ասաց Բաղդասարյանը։

Փաստաբանը կասկած հայտնեց, թեր Բալոյանը նախապես տեղյակ չի եղել, որ դատախազը պետք է առարկի իր առաջին միջնորդությանը, այլապես չէր կարողց բացարկի վերաբերյալ միջնորդությունը գրավոր կերպով ներկայացնել:

«Սա նախապես համաձայնեցված էր, գոնե տեքստ չգրեր, այլ բանավոր ներկայացներ միջնորդությունը, քանի որ ակնհայտ է, որ Դուք, ըստ սցենարի, կգնաք, կմերժեք այս միջնորդությունը, դրանից հետո Բալոյանը կասի՝ դատարանը անարդար է, եւ Ձեզ կներկայացնի բացարկի միջնորդություն»,- փաստաբանը դիմեց դատարանին։

Վարդան Պետրոսյանն էլ զավեշտալի համարեց, որ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ամբաստանյալը պետք է պաշտպանի իրեն մեղադրողին. «Ես չգիտեմ՝ ինչպես է անցել նախաքննությունը, դրա վերաբերյալ իմ սուբյեկտիվ կարծիքն ունեմ, որին կանդրադառնամ իմ  վերջին խոսքում, բայց  այս դատական պրոցեսին ես տեսել եմ դատախազին որպես զուսպ մարդու, Բալոյանն ավելի շատ դատախազ է, քան ինքը՝ դատախազը, դատախազ դվա է»,-ասաց Վարդան Պետրոսյանը:

Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ