News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչական դատարանն այսօր՝ նոյեմբերի 21-ին, բավարարեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ ոստիկանության հայցը, որը վերաբերում էր նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում ոստիկանի օրինական պահանջը չկատարելուն: Դատարանը որոշեց Արգիշտի Կիվիրյանին տուգանել 50 հազար ՀՀ դրամով:

Արգիշտի Կիվիրյանի համար նման որոշումը կանխատեսելի էր, ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց նա, իրենք վճիռը կբողոքարկեն Վերաքննիչ վարչական դատարանում:

«Ակնհայտ էր, որ դատարանն ամեն ինչ անելու էր, որ կատարի ոստիկանության պատվերը, որովհետեւ եթե վարչական դատարանում հարուցված հայցը մերժվեր, դա նաեւ խոցելի կդարձներ նույն դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործը: Այդ պատճառով պարզ է, որ իրենք բոլոր ուժերը մոբիլիզացրել էին, որ այստեղ հաղթեին»,-լրագրողներին ասաց Կիվիրյանը:

Արգիշտի Կիվիրյանի խոսքով՝ հայցի քննության ընթացքում իրենց ներկայացրած փաստերը բավական էին ոստիկանության հայցը մերժելու եւ ոստիկանության դեմ իրենց ներկայացրած հակընդդեմ հայցը բավարարելու համար:

«Դատարանը, նման վճռով ցույց տվեց, որ ինքը ոստիկանության կամակատարն է: Դատարանը ակնհայտ ապօրինի վճիռ կայացրեց՝ իրեն դնելով ծիծաղելի վիճակում»,-ասաց Կիվիրյանը:

Արգիշտի Կիվիրյանի խոսքով՝ դատարանները քաղաքական գործիչների կամ ակտիվիստների դեմ հարուցված գործերը քննում են ոչ թե ըստ արդարադատության, այլ իշխանության հրահանգի: Ըստ Կիվիրյանի՝ նման գործերից որոշների դեպքում դատարանը ակտիվ քաղաքացիների օգտին է վճիռ կայացնում՝ միջազգային ատյանների մոտ պատրանք ստեղծելու համար, թե Հայաստանում արդար դատական համակարգ կա: 

«Տարիներ շարունակ Հայաստանի դատական համակարգը եվրոպական կառույցներից տասնյակ միլիոնների գրանտներ է ստացել, որոնք ծախսվել են դատական համակարգի բարեփոխումների վրա: Որ այլ գրանտային ծրագրերից նույնպես օգտվեն, ժամանակ առ ժամանակ ցույց են տալիս, թե տեսեք՝ Հայաստանում արդարադատություն կա: Բայց այդ ամեն ինչը միֆ է»,-ասաց Կիվիրյանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքին էր միացել նաեւ Արգիշտի Կիվիրյանը: Նա եւ մյուս քաղաքացիները փակել էին փողոցը, ոստիկանները Կիվիրյանին բերման էին ենթարկել, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով:

Նույն դեպքի առթիվ Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը:

Տպել
Ամենաշատ