News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ռազմական ղեկավարությունը խոցված ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների ընտանիքներին կառաջարկի հոգեհանգստի արարողությունը կազմակերպել Նոր Նորքում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորել Եռաբլուրում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների հոգեհանգստյան եւ հուղարկավորության արարողություները, ամենայն հավանականությամբ, կկայանան աշխատանքային շաբաթվա սկզբին՝ երկուշաբթի կամ երեքշաբթի:

Նախատեսվում է հոգեհանգիստն ու հուղարկավորությունը անցկացնել զինվորական արարողակարգի համաձայն։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։

Նշենք, որ խոցված ուղղաթիռի զոհված երեք օդաչուներն են ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, երկու զինծառայողներ, լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Այս մասին հաղորդել է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը։ Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

«Հատուկ նշանակության գործողության  ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել»,- ասվում է հաղորդագրությունում։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ