Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախյան հերոսամարտի մասնակից Աշոտ Աղաբաբյանը կարծում է, որ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմինների դուրս բերումը մեծ հպարտության առիթ է, քանի որ հայկական կողմն արեց ամեն ինչ, որ «ծնողը կարողանա իր երեխային հողին հանձնել»:
«Ինչ խոսք ողբերգություն է, որ զինվորներ են մահացել, բայց նաեւ հպարտություն է: Ի պատիվ իրենց, մենք կարողացանք նրանց դուրս բերել այդ վայրից: Բացի դրանից այսօր խորհրդանաշական օր է՝ ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի 72 ամյակն է: Այս պահին նրա շիրիմի մոտ ենք, հենց այստեղ էլ իմացանք այս լուրի մասին: Իհարկե, պետք է բաժակ բարձրացնենք մեր զոհված օդաչուների պատվին, ինչպես նաեւ խմենք մեր զինծառայողների կենացը։ Բոլորն էլ գիտեն, որ մենք առիթ ստեղծողներից չենք: Մենք առիթ օգտագործողներից ենք: Եթե Ադրբեջանը լիներ խելացի, այս քայլին չէր դիմի, առավել եւս՝ հաշվի առնելով օգոստոսին մեր պատասխանը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։
Նշենք, որ խոցված ուղղաթիռի զոհված երեք օդաչուներն են ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, երկու զինծառայողներ, լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: