News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի փաստաբանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու եւ զենքի հետ վարվեցողության կանոները խախտելու հոդվածով նոր վճիռ կայացնելու պահանջով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, NEWS.am-ի  հետ զրույցում ասաց Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Սխալ որակում է տեղի ունեցել, սպանության որակումն անհիմն է, եւ իրականում տեղի է ունեցել զենքի հետ կանոնների խախտում, դրա պատճառով էլ տեղի ունեցել դեպքը»,-ասաց փաստաբանը։

Երեմ Սարգսյանի խոսքով՝ եթե Վճռաբեկ դատարանը չվերավորակի արարքը եւ նոր դատավճիռ չկայացնի, ապա իրենք պահանջելու են, որ գործն ուղարկվի նոր քննության, քանի որ Վերաքննիչում, ըստ նրա, խախտումներ են տեղի ունեցել դատաքննության ընթացքում։

«Վերաքննիչում տուժողը՝ Հրաչյա  Սարգսյանը, ցանկացավ ցուցմունք տալ, սակայն դատարանը չթույլատրեց, մենք էլ չկարողացանք նրան հարցեր տալ։ Ընդ որում, տուժողը կարեւոր հանգամանքներ էր հիշել, որ զինծառայողների միջեւ խոսակցությունը կատակ է եղել, որ զենք իջեցնելուց ինչ-որ անկապ շարժում է եղել, եւ դրանից հետո է հնչել կրակոցը, որից հետո ոչինչ չի հիշում։ Այդ  հանգամանքի համար կոնկրետ ապացույց կա, որ զենքն իջեցնելիս զենքը դիպչել է պայուսակին եւ որի հետեւանքով էլ կրակոցը հնչել է»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ դա դատաքննության կարգի շատ կոպիտ խախտում է։

Փաստաբանը նշեց, որ Վճռաբեկ դատարանում հաջողության չհասնելու դեպքում իրենք պատրաստվում են դիմել Եվրոպական դատարան։

Հիշեցնենք, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել: Դավիթ Խաչատրյանը, որը պնդում էր, որ կատակով է կրակել, զենքը ուղիղ Լյուքսի վրա չի պահել, եւ գնդակն անդրադարձով է դիպչել Լյուքսին, մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման:

Տպել
Ամենաշատ