Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հնարավոր են գործընկերային հարաբերություններ, սակայն դաշինքում անդամության մասին խոսք լինել չի կարող: Այդ մասին, Deutsche Welle-ի փոխանցմամբ, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Դիվանագետը կարծում է, թե Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությունը չի կայանա նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում: Նրա խոսքով, Կիեւը պետք է տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներ իրականացնի: Նախարարն ընդգծել է, թե դա նախագիծ է, որի վրա պետք է աշխատեն ուկրաինացիների մի քանի սերունդներ: Այդ կապակցությամբ Շտայնմայերը կոչ է արել հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու հարցի շահարկումից:
Գերմանացին նաեւ մտավախություն է հայտնել, թե ռուսական իշխանությունները դեռ երկար են շարունակելու Ուկրաինայի պառակտումը: